Նոբելյան դափնեկիր Նադյա Մուրադին մրցանակի գումարով հիվանդանոց է կառուցելու
Այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր եզդի իրավապաշտպան Նադյա Մուրադին հայտարարել է, որ մտադիր է ստացած գումարային մրցանակով իր հայրենի Իրաքում հիվանդանոց կառուցել։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, գրել է Ռոյթերսը։
«Գումարով, որը ես ունեմ խաղաղության Նոբելյան մրցանակը ստանալով, ես Սինջար քաղաքում կկառուցեմ հիվանդանոց, որպեսզի օգնեմ հիվանդ մարդկանց, հիմնականում այրիներին և կանանց, որոնք Իսլամական պետության ահաբեկիչների կողմից սեռական ոտնձգության են ենթարկվել»,- հայտարարել է Մուրադին։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Իրաքի և Քուրդիստանի կառավարություններին, որ համաձայնավել են իր նախագծի հետ՝ նշելով, որ շուտով կապ կհաստատի մարդասիրական կազմակերպությունների հետ հիվանդանոցի շինարարությունը սկսելու համար։
Նոբելյան մրցանակի գումարը յուրաքանչյուր դափնեկրին կազմում է 9 միլիոն շվեդական կրոն (1 միլիոն դոլար)։
Հիշեցնենք, որ այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներն էին Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունից բժիշկ-գինեկոլոգ Դենիս Մուկվեգեն և իրավապաշտպան Նադյա Մուրադին։ Նրանք արժանացել են Խաղաղության նոբելյան մրցանակի «սեռական բռնության դեմ պայքարի իրենց ջանքերի համար՝ որպես պատերազմի ու զինված հակամարտությունների զենք»։
Իրաքցի իրավապաշտպան Նադիա Մուրադը 2014 թվականին Հյուսիսային Իրաքում շուրջ երեք ամիս ստրկության մեջ է եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների մոտ, գտնվել սեռական ստրկության մեջ։ Նրան հաջողվել է փախչել Գերմանիա։ Այսօր նա հասարակական աշխատանք է ծավալում՝ մարդկանց ուշադրությունը հրավիրելով սեռական բռնության զոհերի վրա։
Նադիա Մուրադը 2016թ.-ին ժամանել էր Հայաստան ու մասնակցում էր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին: Panorama.am-ի հետ զրույցում ահաբեկիչներից փրկված Մուրադն ասել էր, որ պատրաստվում է ամեն ինչ անել` կանանց փրկելու համար. «Ես ինքս էլ փորձում եմ իմ ժողովրդի ձայնը բարձրացնել տարբեր հարթակներում որ այդ անխիղճ ԴԱԻՇ-ի դեմն առնեն: Դրա համար ես այսօր այստեղ եմ` Հայաստանում, շատ ուրախ եմ, որ ձեր շրջապատում եմ, քանզի դուք ավելի լավ կիմանաք մեր ցավը, դուք էլ հարյուր տարի առաջ ցեղասպանություն եք ապրել: Եվ ես կարծում եմ, որ եթե Հայոց ցեղասպանությունը ժամանակին դատապարտվեր, ճանաչվեր, ապա Շանգալի ցեղասպանությունը չէր լինի»։
Բժիշկ Դենիս Մուկվեգեն 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ է, նա այցելել էր Հայաստան։
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել են սեռական բռնության դեմ պայքարի ջատագովին
- ՄԱԿ-ը մեկնաբանել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ընտրությունը
- 2016թ.-ին Հայաստան ժամանած Նադիա Մուրադն արժանացել է Խաղաղության նոբելյան մրցանակի