«Hello, Adam». ապրիլյանի հերոսը մանկական գրականությունում
Ընթերցասերներին այսօր ներկայացվեց մանկավարժ Սամվել Բիշարյանի «Hello, Adam» (Ողջույն, Ադամ) գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում:
Մանուկների և պատանիների համար նախատեսված անգլերեն գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:
Գիրքը բաղկացած է տասնմեկ պատմվածքներից, որոնցից յոթը քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մասին է: Դրանցից երկուսում Ադամը հանդես է գալիս որպես գործող կերպար, ներկայացվում է հերոսի կյանքի՝ մինչ պատերազմական ժամանակահատվածը, իսկ հինգ պատմվածքներն այլ հերոսներ ունեն, որոնք արդեն պատմում են Ադամի մասին:
«Կարդալով այս պատմվածքները, երեխաները կճանաչեն մեր հերոսներին: Փոքրուց պետք է երեխան ճանաչի հայրենիքը, հայրենասիրությունը, ազգի հերոսներին»,- գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց Սամվել Բիշարյանը:
Նրա խոսքով՝ հայրենիքի համար իրենց կյանքը զոհած տղաներին միշտ պետք է հիշել, դրա համար պետք է նրանց մասին գրել, շատ գրել, որ երեխաները դեռ մանկապարտեզից ճանաչեն հերոսներին:
«Ապրիլյան պատերազմից հետո որոշեցի գիրք գրել և որպես կերպար ընտրեցի Ադամին, լուսավոր, բարի տղային, որը սրտիս մեջ էր մտել: Ադամի միջոցով պատմվածքներում ներկայացրել եմ ապրիլյան պատերազմի բոլոր հերոսների հավաքական կերպարը»,- նշեց Սամվել Բիշարյանը՝ հավելելով, որ միշտ պետք է հպարտանալ նրանցով և միշտ հիշել:
Գրքի հեղինակը նշեց, որ «Hello, Adam» գրքի պատմվածքներից մեկի հերոսը, փոքրիկ Ադամն է, որը զրույցների ժամանակ իմանում է Ադամ Սահակյանի մասին: Նա իր մայրիկին խնդրում է պատմել, թե ով է Ադամը, մայրն ասում է՝ մեր հերոսներից է և խոստանում հաջորդ օրը նրան տանել Ադամենց տուն: Փոքրիկը գիշերը երազում տեսնում է Ադամին, խոսում է նրա հետ, իսկ երբ հաջորդ օրը գնում են Ադամենց տուն, նա տեսնելով հերոսի նկար ձեռքով է անում ու ասում՝ «Հելլո, Ադամ»:
«Հավատացեք, որ իրականում բազմաթիվ մարդիկ՝ երեխաներ, պատանիներ, երիտասարդներ իրենց երազում տեսնում են Ադամին: Ամեն օր ինձ նամակներ են գրում: Վերջերս էլ Արցախում էինք և դպրոցականները բազմաթիվ նամակներ տվեցին ինձ, որոնք ժամանակի ընթացքում կհրապարակենք: Դրանք այնքան զգացմունքային են: Այն, որ Ադամն իրենց ոգեշնչում է, միանշանակ է»,- գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյանը:
Նա շնորհակալություն հայտնելով հեղինակին, «Էդիթ Պրինտ» հրատարակչությանը գրքի հրատարակման համար՝ նշեց, որ նման գրքերով, նման նախաձեռնություններով ապրիլյանի հերոսները չեն մոռացվի. «Այս պատմվածքներում Ադամի կերպարով ամողջացած են 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ և դրանից հետո զոհված բոլոր տղաները: Հայրենիքի համար նահատակված տղաները սրբացած հերոսներ են»:
Սամվել Բիշարյանը նշեց, որ գիրքն անգլերեն է գրել, որպեսզի այն հասնի նաև օտարերկրյա ընթերցողներին և ամբողջ աշխարհում ճանաչեն մեր հերոսներին:
Հարակից հրապարակումներ`
- Նորաշենում կանգնեցվել է ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի հիշատակի խաչը
- Լուսավոր ու բարի ժպիտով Ադամ Սահակյանի ծննդյան օրն է
- Ճարտարապետաշինարարական համալսարանում Ադամ Սահակյանի անունով կտրամադրվի կրթաթոշակ
- Տղաները մեծ աշխարհաքաղաքական աղետ են կանխել. ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայր
- Ադամն իր կյանքի տաղանդավոր գծանկարը գծեց մարտի դաշտում՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը
- «Ադամ Սահակյան, ներկա». Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ուսումնական տարին մեկնարկեց մեկ րոպե լռությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին