Արթուր Բաղդասարյանը հեռանում է քաղաքականությունից
Այսօր տեղի ունեցավ ՕԵԿ արտահերթ համագումարը, որին մասնակցում էին ՕԵԿ տարածքային կառույցների ղեկավարները՝ հանրապետության բոլոր մարզերից ու մայրաքաղաքից:
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հեռանում է կուսակցության նախագահությունից։
ՕԵԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր արտահերթ համագումարի ժամանակ նա հայտարարել է.
«Սիրելի ժողովուրդ, հարգելի պատվիրակներ,
Ես ցանկանում եմ հայտարարել, որ հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից՝ վայր դնելով նաև ՕԵԿ նախագահի լիազորությունները և իմ հետագա կուսակցական գործունեությունը: ՕԵԿ հիմնադրումից 20 տարի անց ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր հայրենակիցներին, ինձ քննադատող ու մերժող, սիրող ու գնահատող մարդկանց, կրկին հայցել բոլորի ներողամտությունը իմ քաղաքական գործունեության ընթացքում ունեցած սխալների ու թերությունների համար, շնորհակալություն հայտնել իմ կատարած աշխատանքը գնահատողներին ու արժևորողներին: Ցանկանում եմ երախտիքի խոսք հղել բոլոր լրագրողներին և զանգվածային լրատվության միջոցներին իմ գործունեությունը լուսաբանելու համար, առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իմ գաղափարակից ընկերներին և թիմակիցներին ու մեր ողջ ժողովրդին:
Զբաղվելով հանրային գործունեությամբ կփորձեմ իմ հրապարակային առաջարկություններով նպաստել երկրում կուտակված և օրեցօր բազմացող խնդիրների լուծմանը: Ակտիվ քաղաքականություն կվերդառնամ ժողովրդի ցանկությամբ, երբ զգամ դրա կարիքն ու անհրաժեշտությունը: Աստված պահապան մեր ժողովրդին»- նշեց Արթուր Բաղդասարյանը:
Համագումարը ՕԵԿ նախագահի պաշտոնում առաջադրեց և միաձայն քվեարկությամբ ընտրեց Հովհաննես Հովհաննիսյանին: ՕԵԿ փոխնախագահներ ընտրվեցին Կարինե Սարգսյանը, Վահե Թորոսյանը և Սիմոն Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Բաղդասարյանը վստահ է՝ կհայտնվեն խորհրդարանում
- Չքավորությունը հարձակվել է մարդկանց վրա. Արթուր Բաղդասարյան
- Սահմանամերձ բնակավայրերը պետք է վերցնել պետական հոգածության տակ. Արթուր Բաղդասարյան
- Արթուր Բաղդասարյան. Կողմնակից ենք, որ մարդկանց կյանքում լինի հեղափոխություն
- Սխալները մարդու համար են, մենք բազմիցս ներողություն ենք խնդրել. Արթուր Բաղդասարյան