ԱՄՆ-Հարավային Կովկաս հարաբերությունները 2018 թվականին բավական ակտիվ էին. քաղաքագետ
«ԱՄՆ-Հարավային Կովկաս հարաբերությունները 2018 թվականին բավական ակտիվ էին. ակտիվությունն առավելապես դրսևորվել է տարվա երկրորդ կեսին, երբ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ այցելեցին Հարավային Կովկաս։ Այդ այցերը հիմնականում կրում էին ճանաչողական բնույթ, ամերիկյան վարչակազմը ցանկանում էր ճշտել տարբեր հարցերի շուրջ Հարավային Կովկասի երկրների իշխանությունների դիրքորոշումը և քաղաքականության հարցում իրականացնել որոշակի ձևակերպումներ»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Լիանա Հովհաննիսյանը։
Անդրադառնալով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցին՝ բանախոսը նկատեց, որ այդ այցի ընթացքում կատարվեցին մի շարք կարևոր շեշտադրումներ։
«Նրա հայտարարությունը, որ Հարավային Կովկասը հանդիսանում է ռազմավարական նշանակության տարածք, թերևս շատ կարևոր էր։ Եթե Վրաստանի պարագայում ավելի շատ կարևորվեց անվտանգային համագործակցությունը, ապա Ադրբեջանի պարագայում էներգետիկ ոլորտում համագործակցությունն էր։ Ինչ վերաբերում է Հայաստանին, հիմնական շեշտադրումները վերաբերում էին ժողովրդավարությանը, քաղհասարակության զարգացմանը և կոռուպցիայի դեմ պայքարին։ Ադրբեջանի պարագայում այդ շեշտադրումները բացակայում էին, ինչն առավել քան տրամաբանական է»,- ասաց Լիանա Հովհաննիսյանը։
Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին՝ քաղաքագետը նշեց, որ տարին ակտիվ էր՝ չնայած նրան, որ և Հայաստանում, և ԱՄՆ-ում տեղի ունեցան մի շարք ներքաղաքական զարգացումներ։
«Առաջինը ԱՄՆ-ի դրական արձագանքն էր Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին։ Մյուս բարենպաստ գործոնը երկկողմ նոր դեսպանների նշանակումն էր։ Նորանշանակ դիվանագետները կարող են նոր խթան և նոր ունչ հաղորդել հայ-ամերիկյան հարաբերություններին»,- ասաց բանախոսը։
Ինչ վերաբերում է Հայաստանին ամերիկյան զենքի հնարավոր վաճառքին, Լիանա Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Ջոն Բոլթոնը Հայաստանում նման պատրաստակամություն հայտնեց։
«Սակայն Հայաստանը ռուսական զենքը ձեռք է բերում առավել մատչելի պայմաններով, և եթե ԱՄՆ-ը այս հարցում Ռուսաստանի հետ մրցակցության մեջ մտնի, դա կարող է տարածաշրջանում սրել մրցավազքը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՀՀ-ի փոխարեն Բոլթոնի աղմկահարույց հայտարարությանը արձագանքեց ՌԴ-ն
- Բոլթոնյան ուրվագծեր
- Այս այցով չեմ եկել ԼՂ խնդրի կարգավորման հարցում նոր լուծումներ առաջարկելու. Ջոն Բոլթոն
- ՀՀ վարչապետը հրաժարվեց իր հաջողության գաղտնիքը բացել իմ առաջ. Բոլթոն
- Հայ-ամերիկյան հարաբերությունները մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն. Ջոն Բոլթոն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան