Զեյնալյանն ամփոփում է վեց ամիսների աշխատանքը
«Արդարադատության նախարարությունում նոր մոտեցումների արդյունքում բոլոր բարեխոխումներն իրականացվում են նորարարական եղանակներով՝ օգտագործելով թվային կառավարման գործիքակազմը»,- այս մասին նշեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ ներկայացնելով մայիս-նոյեմբեր ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն։
Նա ներկայացրեց, որ իրենց գործունեության ընթացքում իրականացվել է վարչական համաներում՝ 108 հազարից ավելի մարդկանց նկատմամբ, կարճվել են կատարողական ավելի քան 1մլն 260 հազար վարույթ։
Ինչ վերաբերում է քրեական համաներմանը՝ Զեյնալյանն ասաց, որ այս պահի դրությամբ ազատ է արձակվել 550 դատապարտյալ, իսկ պրոբացիայի ծառայությունում համաներում կիրառվել է հազար շահառուի նկատմամբ։
«Երևանի 3, Գյումրիի, Վանաձորի, Գորիսի բժշկական հաստատություններում կհիմնադրվեն բաժանմունքներ, որտեղ կկարողանան իրենց բուժումը ստանալ դատապարտյալ անձինք, ինչը հնարավորություն կընձեռնի ավելի փոքր ռեսուրսներ ծախսելով՝ ավելի շատ դատապարտյալների ապահովել բարձրակարգ մասնագիտական բժշկական ծառայություններով»,- նշեց նա։
Այնուհետև լրագրողները հետաքրքրվեցին Զեյնալյանի հետագա պաշտոնավարումից, ինչին ի պատասխան ասաց. «Նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, և դա մեծապես պայմանավորված է մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի և վարչապետի հայեցողությամբ: Առաջիկայում պարզ կդառնա՝ ես կշարունակեմ պաշտոնավարել, թե ոչ»։
Մեկ այլ հարցին, թե իսկ ինքը առաջակ ստանալու դեպքում պատրա՞ստ է շարունակել պաշտոնավարել, Զեյնալյանը կրկնեց` դա պարզ կլինի առաջիկայում:
Ինչ վերաբերում է ընտրություններին ու դրանց արդյունքների բողոքարկմանը՝ նա ասաց, որ «Մենք» դաշինքի կողմից այնպիսի խախտումներ չեն արձանագրվել, որոնք հիմք կտան վիճարկելու ԿԸՀ-ի որոշումը ՍԴ-ում. ««Մենք» դաշինքը չի տեսնում վերահաշվարկ կատարելու կամ բողոքարկելու հիմքեր»։
Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և վարչապետի պաշտոնակատարի հեռախոսային զրույցին և լրագրողների դիտարկմանը, թե «տպավորություն է, թե վարչապետի պաշտոնակատարը հրահանգներ է տալիս դատական համակարգին», նախարարի պաշտոնակատարն ասաց. «Այս կառավարության գործունեության ընթացքում արդարադատության նախարարը որևէ դատավորի որևէ հրահանգ չի տվել։ Ես չեմ ուզում քննարկման առարկա դարձնել ձայնագրությունները: Դրանք կատարվել են կոնկրետ նպատակով, և դրանց հրապարակումը դոզավորված իրականացվում է կոնկրետ նապատակով՝ դա հետապնդում է, շանտաժ է, շորթում է, ահաբեկչություն է: Եթե մենք տուրք տանք գայթակղությանը և քննարկման առարկա դարձնենք դրանց բովանդակությունը, կդառնանք գաղտնիության իրավունքի նկատմամբ ոտնձգություն կատարած անձանց գործիք»։