Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 300 միլիոն դոլարից չի անցնում. իրանագետ
«2018 թվականն Իրանի համար չափազանց բարդ տարի էր՝ թե, տնտեսական, թե քաղաքական, և թե անվտանգության առումներով։ Այդ երկրի շուրջ ստեղծված իրավիճակը պայմանավորված էր ոչ միայն ԱՄՆ-ի կողմից գործադրված պատժամիջոցներով, այլ նաև միջուկային համաձայնությունից հետո ծագած խնդիրներով»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը։
«Նախ, Իրանում տարին սկսվեց բողոքի ցույցերով։ Տարին բարդ էր նաև տնտեսական առումով։ Եթե 2018 թվականի սկզբին ամերիկյան մեկ դոլարը վաճառվում էր մոտավորապես 3000 թումանով, ապա արդեն օգոստոսին այդ թիվը հասավ 18-19 հազար թումանի։ Սա ամբողջ տնտեսության մեջ ճգնաժամային իրավիճակ առաջացրեց, բազմաթիվ գործարաններ փակվեցին։ Փաստորեն, միջուկային համաձայնությունից հետո Իրանի իշխանություններին չհաջողվեց արդարացնել սպասելիքները»,- ասաց բանախոսը։
Ինչ վերաբերում է քաղաքական իրավիճակին, Արմեն Իսրայելյանի խոսքով, այստեղ ևս բարդ իրավիճակ է։ Ըստ նրա՝ արտաքուստ կարելի է տպավորություն ստանալ, որ ամբողջ Իրանը միասնական դիրքորոշում ունի ամերիկյան պատժամիջոցների նկատմամբ, բայց դա ամենևին այդպես չէ։
«Շատ հաճախ արտաքին հիմնախնդիրները հետևանք են ներքին խնդիրների։ Օրինակ, ամռանը ընդդիմադիր ուժերը Հասան Ռոհանիի նկատմամբ անվստահության գործընթաց սկսեցին։ Այս գործընթացը կապված էր ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում տեղի ունեցող գործընթացների հետ։ Մեծ հաշվով Ռոհանիի կառավարությանը հաջողվեց կարգավորել ֆինանսական ճգնաժամը։ Ներկայումս ամերիկյան մեկ դոլարը վաճառվում է 10-11 հազար թումանով։ Նրան նաև հաջողվեց արմատական փոփոխություններ կատարել Կենտրոնական բանկում և պետական կառավարման համակարգում»,- ասաց իրանագետը։
Արմեն Իսրայելյանն ընդգծեց, որ անվտանգության առումով ևս անցնող տարին Իրանի համար բավականին բարդ էր։ Նա հիշեցրեց, որ մեջլիսում և զորահանդեսի ժամանակ ահաբեկչություններ տեղի ունեցան, մոտ մեկ ամիս առաջ 15-20 իրանցի սահմանապահներ առևանգվեցին։
Ինչ վերաբերում է արտաքին մարտահրավերներին, ապա իրանագետը հիշեցրեց, որ ամերիկյան պատժամիջոցներն ուժի մեջ են մտել նոյեմբերի 4-ից։ Միաժամանակ, Իրանը շարունակում է Եվրոպայի հետ համագործակցությունը, և եվրոպական կողմը հաստատկամ է շարունակել այդ երկրի հետ փոխգործակցությունը։
Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին՝ Արմեն Իսրայելյանը նշեց, որ երկու երկրների համար տարին բավական հետաքրքրական էր։ Նա հիշեցրեց, որ հեղափոխությունից հետո Իրանի և Հայաստանի ղեկավարները հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում, այնուհետև նրանց միջև հեռախոսազրույցներ են տեղի ունեցել, ինչպես նաև Իրանի նախագահի հատուկ բանագնացն է ժամանել Հայաստան։
«Ինչ վերաբերում է հայ-իրանական տնտեսական հարաբերություններին, ապա այս տարի առևտրաշրջանառության մեջ մենք մոտ 48 տոկոսի աճ ենք արձանագրել։ Բայց, ցավոք սրտի, դա բավարար չէ։ Ամեն դեպքում, առևտրաշրջանառությունը 300 միլիոն դոլարից չի անցնում։ Հայաստանն ու Իրանը մշտապես իրենց մտահոգությունն են հայտնում այդ առնչությամբ»,- ամփոփեց բանախոսը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոուհանի. Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» են
- Իրանի նախագահ․ ԱՄՆ-ը չի կարող կանգնեցնել Իրանի նավթի արտահանումը
- Պետդեպը ՌԴ-ին կոչ է արել միանալ Իրանի դեմ հակազդեցությանը