Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով վերաքննիչը մերժել է հայցվոր կողմի միջնորդությունը
Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Նա դատարանից պահանջում է Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել։ Այս գործով Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն է ներկայացրել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ։ Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 14-ին մերժել է միջնորդությունը՝ օրինական ուժի մեջ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
«Վերաքննիչ բողոքը չի պարունակում հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը մերժելու մասին Դատարանի 19.10.2018թ. որոշումը դատական սխալներով կայացված լինելու բավարար հիմնավորումներ, ուստի այդ որոշումը վերացնելու վերաբերյալ բողոք բերած անձի պահանջը բավարարվել չի կարող։
Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, Դատարանի 19.10.2018թ.` «Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ հայցվորի անունից բերված վերաքննիչ բողոքը մերժել` նշված որոշումը թողնելով օրինական ուժի մեջ»,-նշել է դատարան։
«Դատալեքս»-ում հրապարակված տեղեկատվության համաձայն, ըստ 17.09.2018թ. Դատարան ներկայացված հայցապահանջում մասնավորապես նշվում է. «Պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին` հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար. «.... Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը։ Ասում է` անձեռնմխելի է։ Ի՞նչ է նշանակում անձեռըն-մըխելի։ Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»։ Այդ որտե՞ղ է այդպես գրած ....».
բ) հայցվորն իր պահանջի հիմքում դրել է այն փաստը, որ հայցապահանջում նշված` ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ֆրանսիայում արված և 15.09.2018թ. համացանցում «arm-times.com» էլեկտրոնային կայքի միջոցով տարածված հրապարակային հայտարարությունը պարունակում է իրեն վերաբերող ու զրպարտություն հանդիսացող` իրականությանը չհամապատասխանող և իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող, հատված.
գ) հայցադիմումն ուղեկցվում է ՀՀ քաղ. դատ. օր.-ի 128-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա («... հայցի ապահովման միջոցներ ... չձեռնարկելը կարող է ... էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին») հայցի ապահովման` նույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված միջոցը հետևյալ եղանակով ու ծավալով կիրառելու մասին միջնորդությամբ. «.... պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին արգելել հրապարակայնորեն մեկնաբանել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քննվող քրեական գործերի հետ կապված հանգամանքները».
դ) հայցի ապահովման իր ակնակալած միջոցի կիրառման անհրաժեշտությունը հայցվորը փաստարկել է այն պնդումներով, որ պատասխանողի «... նմանօրինակ հայտարարություններով Ռոբերտ Քոչարյանին կարող է էական վնաս պատճառվել, քանի որ Վարչապետի խոսքը ունի մեծ լսարան թե Հայաստանում և թե` Սփյուռքում», «ցանկացած արտահայտություն, որը Պատասխանողը կանի Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, շատերի կողմից ընդունվելու է որպես ճշմարտություն և բացասական ազդեցություն թողնի Ռոբերտ Քոչարյանի հեղինակության վրա», «... ներկա պահին Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է թիվ 62202608 քրեական գործով մեղադրյալ և Վարչապետի խոսքը կարող է էականորեն ազդել նշված գործի ընթացքի վրա և առաջացնել անմեղության կանխավարկածի խախտում».
ե) հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը Հայաստանի Հանրապետությունում պատվի և արժանապատվության պաշտպանությանը վերաբերող գործերի քննության միջին տևողության վկայակոչում և դրա հետ կապված դիրքորոշում չի պարունակում»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով հայցի ապահովման միջոցի վերաբերյալ միջնորդության մերժումը բողոքարկվելու է
- ՀՀ երկրորդ նախագահը հայց է ներկայացրել գործող վարչապետի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան