Քոչարյանի փաստաբանը՝ Փաշինյանին. Լուկաշենկոն Ձեր մասին խոսում է այն տոնով, որով Դուք՝ Ձեզ դուր չեկածների հասցեին
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Փաշինյանի մասին արած հայտարարություններին ու դրանց տոնին։ Ալումյանը նշել է, որ լսելով Լուկաշենկոյի խոսելը, մեծ ցավ է ապրել։
«Հարգելի պարոն Փաշինյան: Երեկ մեծ ցավ ապրեցի, երբ համացանցում տեսա, թե ինչ կերպ է մեկ այլ երկրի նախագահ ԶԼՄ-ների ներկայությամբ արտահայտվում Ձեր մասին: Կարծում եմ՝ դրանով նա վիրավորեց ոչ միայն Ձեզ այլ՝ մեզ բոլորիս: Եվ ամենևին կարևոր չեմ համարում,թե արդյո՞ք նա ճիշտ էր վերարտադրում Ձեր ու իր միջև եղած խոսակցությունը, թե իրականում ինչ խոսակցություն է տեղի ունեցել Ձեր ու նրա միջև և թե ինչ եք պատասխանած եղել նրան:
Կարևորը այն է, որ բազմաթիվ լրատվամիջոցների ներկայությամբ նա Ձեր հասցեին արեց այնպիսի արտահայտություններ, որոնք երբևէ, որևէ երկրի ղեկավար իրեն թույլ չի տալիս մեկ այլ երկրի ղեկավարի հասցեին՝ անկախ այդ երկրների կամ դրանց առաջնորդների հարաբերություններից: Սակայն արդյո՞ք Դուք նկատել եք, որ այդ նույն բառապաշարն եք Դուք ինքներդ օգտագործում Ձեր ժողովրդի մի զգալի մասի նկատմամբ: Արդյո՞ք նկատել եք, որ՝ ընդօրինակելով Ձեզ, ժողովրդի մի ստվար զանգված սկսել է համացանցում օգտագործել ամենագռեհիկ արտահայտությունները Ձեր ընդդիմախոսնարի հասցեին, իսկ Դուք՝ Ձեր անտարբերությամբ, ուղղակիորեն նպաստել եք այդ մշակույթի ծաղկմանը:
Ներկայում ուժային բոլոր լծակները Ձեր ձեռքում են ու Դուք ի վիճակի եք Հայաստանում վիրավորել ցանկացած մեկի ու ոչ միայն մնալ անպատասխան, այլ նաև՝ արժանանալ ծափահարությունների:
Բայց, միգուցե, հենց դա՞ է պատճառը, որ այլ երկրի առաջնորդը Ձեզ համար բացառություն է արել ու սկսել է Ձեր մասին խոսել այն նույն տոնով, որով Դուք խոսում եք Ձեզ դուր չեկած հայրենակիցների հասցեին»,-գրել է Հայկ Ալումյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան