Ինչ-որ մի ժամանակ անց արտախորհրդարանական ընդդիմությունը կարող է գործոն դառնալ. քաղտեխնոլոգ
«Դե յուրե մենք կունենանք ընդդիմություն, դե ֆակտո՝ կյանքը ցույց կտա: Մարդկանց մոտ մտավախություն կա, որ իրական ընդդիմություն չենք ունենա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ քանի որ «Իմ քայլը» 82,7 տոկոս ընդհանուր մասնակցություն են ունենալու խորհրդարանում, այս պայմաններում կոալիցիայի մասին խոսք լինել չի կարող։
«Այսօր խորհրդարանում կարող է լինել երկու կարգավիճակ՝ ընդդիմություն և իշխանություն։ Այսօրվա օրենքները թույլ չեն տալիս, որ հայտարարես այլընտրանք եմ կամ կիսաընդդիմություն եմ։ Հիմա մնում է, որ խորհրդարան մտած մյուս երկու քաղաքական ուժը հայտարարեն, որ իրենք ընդդիմություն են»,- ասաց քաղտեխնոլոգը։
Վիգեն Քոչարյանի կարծիքով՝ քաղաքական իրավիճակը շատ արագ է փոխվում, որն էլ իր հերթին բերում է հասարակական տրամադրությունների փոփոխության։
«Լինում է նաև հակառակը, հասարակության գերսպասումները կարող են հանգեցնել նրան, որ ռեյտինգային կորուստներ լինեն և այդ պարագայում շանս է բացվում բոլոր տիպի ընդդիմությունների համար, թե ներքին խորհրդարանական, թե արտաքին։ Այսօր խորհրդարանից դուրս մնացել են քաղաքական ուժեր՝ ՀՅԴ, ՀՀԿ, «Մենք» դաշինք, որոնք չեմ կարծում, որ վերանալու են։ Կարծում եմ՝ այս ուժերի մոտ հիմա բարդ շրջան է, վերաիմաստավորվելու, ռեբրենդինգի, լիդերների հարցում հստակություն մտցնելու, բայց այնուամենայնիվ իրենք ինչ-որ մի ժամանակ հետո ակտիվ վերադառնալու են։ Եվ այս պարագայում արտախորհրդարանական ընդդիմությունը կարող է գործոն դառնալ»,-հավելեց նա։