Տարեվերջին գնաճն ավելի ցածր կլինի, քան կանխատեսվում էր. ԿԲ խորհրդի անդամ
«Այս տարվա արդյունքներով գնաճը մեր կանխատեսումներից ցածր է ձևավորվել, իսկ ցածր գնաճային միջավայրը, որը մենք ունենք վերջին տարիներին, պահպանվելու է նաև առաջիկա ամիսներին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը։
Սա, ըստ նրա, նշանակում է, որ ԿԲ դրամավարկային քաղաքականությունը կշարունակվի մնալ ընդլայնվող, ինչն արտահայտվում է տոկոսադրույքների նվազող վարքագծում և վարկավորման ծավալների ավելացման մեջ։
Արթուր Ստեփանյանի խոսքով՝ 2018-ը բացառիկ տարի էր Հայաստանի համար՝ կապված քաղաքական իրադարձությունների ու քաղաքական համակարգի փոփոխությունների հետ, բնականաբար, ըստ նրա ԿԲ-ն պետք է ավելի զգույշ ու պահպանողական լիներ և կանխատեսումներում, և գործողություններում, որպեսզի կարողանար հասնել իր կանխատեսած նպատակներին:
Անդրադառնալով այն գործոններին, որոնք ազդել են ԿԲ-ի կանխատեսումների և գործողությունների վրա, նա նշեց, որ առաջին հերթին ուրվագծվում է շուկաների մրցակցության միտում, նաև այն շուկաներում, որտեղ գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ կան։ Վերջիններս, ըստ նրա, ավելի երկար են ծանրութեթև անում գնային փոփոխություններ իրականացնելու ժամանակ:
«Մի շարք շուկաներում նույնիսկ միջազգային գների հետ համեմատությամբ նվազման միտում կա, կամ էլ, երբ միջազգային շուկայում գները բարձրանում են, մեր ներսի շուկայում այդ գները չեն բարձրանում բավականին երկար ժամանակ»,- ընդգծեց նա:
Հաջորդ գործոնը, ըստ Արթուր Ստեփանյանի, այն է, որ այս կառավարությունն ավելի մեծ ուշադրություն է դարձնում պետական ծախսերի արդյունավետությանը, մասնավորապես, պետական գնումների ու կապիտալ շինարարության մասով փորձում է նվազեցնել ու վերացնել կոռուպցիոն ռիսկերը, որոնք եղել են։ «Սա բավականին դրական երևույթ է, բայց մյուս կողմից էլ դանդաղեցնում է պետական միջոցների ներարկումը դեպի տնտեսություն։ Այս տարվա արդյունքներով, պետական բյուջեի ցուցանիշների ամփոփման ժամանակ կտեսնեք, որ պետական ծախսերի մասով բավականին մեծ տնտեսումներ կան, դեֆիցիտի ցուցանիշը ևս փոքր է, ինչն իր ազդեցությունն է ունենում գնաճի ձևավորման վրա»,- ընդգծեց ԿԲ խորհրդի անդամը:
Գների ձևավորման վրա ազդող երրորդ գործոնը գյուղատնտեսության ոլորտում տեղի ունեցող երևույթներն են: Նրա խոսքով՝ այս տարվա երկրորդ կեսից գյուղոլորտի ցուցանիշները բացասական միտման մեջ են։
«Այս ցուցանիշները դեռ օգոստոսից հուշել են, որ գյուղատնտեսական ապրանքների առաջարկը պետք է կտրուկ նվազեր, ինչն ավելացնելու էր գյուղատնտեսական ապրանքների գնային ֆոնը, բայց նոյեմբերի ցուցանիշների համաձայն, գյուղատնտեսական սեզոնային ապրանքներն, ըստ էության, նույն գնային ցուցանիշների մեջ էին, ինչ նախորդ տարի։ Ակնհայտ է, որ գյուղատնտեսության ոլորտում որոշակի վիճակագրական խնդիրներ կան, բնականաբար, եղել է նաև տարվա ընթացքում, որոնց մասին նաև բազմիցս խոսել են պատկան մարմինները»,- նշեց Արթուր Ստեփանյանը:
Այսպիսով, ըստ նրա, ԿԲ կանխատեսումներով՝ տարեվերջին գնաճն ավելի ցածր կլինի, քան կանխատեսվում էր: