Հայաստանից ֆինանսական հոսքերի էական փոփոխություն չկա. Արթուր Ստեփանյան
«Մեր բոլոր վերլուծություններն ու թվային տվյալները խոսում են մի բանի մասին, որ այս և նախորդ տարիներին Հայաստանից ֆինանսական հոսքերի շարժի էական փոփոխություն չկա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ճիշտ են Հայաստանից գումարների արտահոսքի վերաբերյալ լուրերը:
Նա նշեց, որ ինքը ևս կարդացել է արտահոսքի մասին: «Այստեղ պետք է ուշադրություն դարձնենք երկու հանգամանքի վրա. այս տարի ներմուծման ծավալներն ավելացել են, և ֆիզիկական անձինք ևս ներմուծում են իրականացնում, ինտերնետային առևտուր կատարում ավելի մեծ ծավալով: Դրանք ներառվում են այս տվյալների մեջ: Իսկ երբ խոսում ենք տրանսվերտներ կոչվածի մասին, ընդհանուր առմամբ, մեր տնտեսության համար փոխանցումների դերն ու նշանակությունը վերջին տարիներին կտրուկ նվազել է: Եթե մի քանի տարի առաջ դրամական փոխանցումները ՀՆԱ-ի մեջ կազմում էին 25-26 տոկոս, ապա հիմա մոտ 10 տոկոսի չափով են»,- նշեց Արթուր Ստեփանյանը:
Այսպիսով, ըստ ԿԲ ներկայացուցչի, փոխանցումների գործոնը Հայաստանի տնտեսության ֆինանսավորման և զարգացման առումով այս տարիներին կտրուկ նվազել է:
Արթուր Ստեփանյանի խոսքով՝ եթե դիտարկեն միջին փոխանցման մեծությունը, ապա այս տարի Հայաստանից 2800 դոլարի կարգի միջին փոխանցում է եղել արտերկիր, որը մեծ մասամբ ուղղված է եղել առևտրին: «Հայաստան փոխանցումն էլ կազմել է 500 դոլար: Դա նշանակում է, որ մեր արտագնա աշխատողներն իրենց եկամուտն են փոխանցում Հայաստան: Նայելով այս ցուցանիշներին, մենք որևէ արտահոսքի միտում չենք նկատում»,- ընդգծեց նա:
Նա միաժամանակ նշեց՝ դա չի նշանակում, որ տրանսվերտները նվազել են: Ավելին, ըստ նրա, տրանսվերտներն իրենց անվանական մեծությամբ շարունակում են աճել. այս տարի կանխատեսվում է 10 տոկոսի աճ. «Վերը նշվածը ՀՆԱ-ում տրանվերտների տեսակարար կշռի մասին է»:
Անդրադառնալով հարկման մեխանիզմի ներդրման գաղափարին, ըստ որի՝ իբր նախատեսվում է տրանսվերտների հարկում, Արթուր Ստեփանյանն ասաց, որը ՊԵԿ-ը մի քանի անգամ պարզաբանել է՝ խոսք անգամ չկա տրանսվերտների հարկման մասին: «Կարծում եմ՝ դեռ մի քանի անգամ էլ պետք է ասի, որ այս հարցը փակված համարենք: Տրանսվերտները միջինում 500 դոլար են լինում, ինչպե՞ս դա պետք է հարկվի: Անձամբ ինձ համար փակ է այս թեման, քանի որ խոսքը հայտարարագրման ինստիտուտի ներդրման մասին է»,- նշեց ԿԲ խորհրդի անդամը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում