Վստահ եմ՝ կվերականգնենք դատական համակարգի հանդեպ հասարակության վստահությունը. Զեյնալյան
Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը մշտապես իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանի դատաիրավական բարեփոխումների իրականացման աշխատանքներին։ «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի փակման արարողությանն ունեցած ելույթում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։
«Խոսքերիս վառ ապացույցը 2017 թվականի մայիսից Եվրոպայի խորհրդի կողմից մեկնարկած այս ծրագիրն է, որի նպատակն էր նպաստել Հայաստանում դատական իշխանության անկախության ամրապնդմանը, իրավական ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը, արդարադատության մատչելիության ապահովմանը»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։
Նշենք, որ «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության կողմից, ամբողջությամբ իրականացվել՝ Եվրոպայի խորհրդի կողմից:
Նա նշեց, որ ծրագրի շրջանակում Եվրոպայի խորհուրդն աջակցել է Դատական օրենսգրքի մշակման աշխատանքներին, դատական իշխանության ինքնակառավարման մարմինների կարողությունների հզորացմանը, արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտների կատարելագործմանը:
Ա. Զեյնալյանը հիշեցրեց, որ արդարադատության նախարարության կողմից մշակվել և ներկայում վերանայման փուլում է գտնվում 2019-2024 թվականների դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագիծը։
««Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակներում Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետները գնահատել են դատական և իրավական բարեփոխուների ծրագրի նախագիծը՝ վերլուծելով ռազմավարության հիմնական նպատակները, թիրախները, գործողությունների իրականացման ժամանակահատվածը, ֆինանսական պարտավորությունները, ինչպես նաև գործողությունների ծրագրում ներառված միջոցառումների համապատասխանությունը Եվրոպական միության գնահատողական խմբի կողմից ներկայացված առաջարկություններին»,- ասաց նա։
Ա. Զեյնալյանի խոսքով, մեծապես կարևորելով իրենց գործընկերոջ կողմից իրականացված աշխատանքը, վստահ է, որ ներկայացված փաստաթղթում տեղ գտած առաջարկությունները կամրագրվեն Հայաստանի 2019-2024թթ. դատաիրավական բարեփոխումների ծրագրում:
«Եվս մեկ անգամ վստահություն եմ հայտնում և վերահաստատում 2018 թվականի ապրիլ-մայիսի ընթացքում Հայաստանում թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո ձևավորված կառավարության հանձնառությունը՝ արդարադատության ապահովման և իրավունքի գերակայության ամրապնդման վերաբերյալ, վստահ եմ, որ համատեղ ջանքերով կվերականգնենք դատական համակարգի հանդեպ հասարակության վստահությունը, կփորձենք արմատախիլ անել կոռուպցիան, կբարելավվենք մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության վիճակը»,- ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ավելի քան 27 միլիոն դրամ՝ դատաիրավական բարեփոխումների համար
- Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը կծառայի ՀՀ և ԵՄ միջև հետագա համագործակցությանը. Զեյնալյան
- ԱՆ փոխնախարարը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումների աջակցությանը վերաբերող հարցեր
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչ. Հայաստանում դատաիրավական բարեփոխումները անհրաժեշտություն են
- ՀՀ Նախագահը դատաիրավական բարեփոխումներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել
- ՀՀ դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումները Եվրամիության առաջնահերթություններից են. Պյոտր Սվիտալսկի
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում