«Այս հարցը չի կարելի քաղաքականացնել»․ ՌԴ դեսպանը գյումրեցի կնոջ սպանության մասին
Գյումրիի ռուսական ռազմաբազայի ու հայ քննիչների միջև փոխգործակցությունը շատ սերտորեն իրականացվում է՝ Հայաստանի օրենսդրության ու պայմանագրաիրավական փաստաթղթերի հիման վրա, որոնք կարգավորում են Հայաստանի տարածքում ռազմական բազայի գործունեությունը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով ռուս զինծառայողի նկատմամբ սպանության մեղադրանքի առաջադրմանը։
«Մենք ելնում ենք նրանից, որ չի կարելի այս հարցը քաղաքականացնել։ Տեղի է ունեցել սարսափելի հանցագործություն, ցանկանում եմ ցավակցություններ հայտնել մահացած կնոջ հարազատներին ու մտերիմներին։ Իհարկե, այս հանցագործությունը պետք է հետաքննվի ու հանցագործն էլ պատիժը կրի։ Բայց այն, որ, մեր կարծիքով, անթույլատրելի է, դա այս գործը քաղաքականացնելն է։ Կարծում եմ, որ քաղաքականացումը չի նպաստի ոչ հետաքննության օբյեկտիվությանը, ոչ էլ հետաքննության արդյունավետությանը։ Եկեք չխանգարենք դրան»,-հայտարարեց դեսպանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ 57-ամյա կնոջ սպանության մեջ կասկածվող ու ձերբակալված Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայողը պետք է դատապարտվի ՀՀ դատարանի կողմից։