Դավիթ Սամվելյան. Գիրքը առօրյայից կտրելու հզոր ուժ ունի, պիտի տրվել այդ գեղեցիկ ուժի ներգործությանը
Գրքի, ընթերցելու, պահանջված գրողի ու գրականության մասին Panorama.am-ը զրուցել է մասնագիտությամբ կրոնագետ, աստվածաբան, գրող, «Բուկինիստ» գրախանութի նախկին աշխատակից Դավիթ Սամվելյանի հետ։
Հարց-Ողջույն, Դավիթ։ Առջևում ամանորն է։ Գիրքը նվեր դարձե՞լ է։
Պատասխան-Բարի ողջույն։ Տարբեր առիթներով գիրք նվիրելն արդեն մի քանի տարի է, ինչ նորաձև է։ Դրան խթանել են գրախանութների, հրատարակչությունների կողմից կազմակերպվող ակցիաները, գրքի, ընթերցանության մասսայական քարոզն ու գովազդը։ Բայց նվերի համար գրքի ընտրությունը պակաս նուրբ գործընթաց չի, քան, ասենք, փողկապի կամ օծանելիքի ընտրությունը։ Մարդու գրական ճաշակը պետք է իմանալ, թե չէ պատահում է, մտնում են գրախանութ, ընտրում են հայտնի կամ տվյալ պահին բեսթսելլեր գրքերից մեկը, նվիրում խանդավառված, բայց ընթերցողը մի քանի էջից հետո չի կարողանում, չի ցանկանում շարունակել։
Հարց-Ովքե՞ր են գիրք գնողները։
Պատասխան-Գնորդների մի քանի սեգմենտ կա, որոնցից ամենաակտիվը մանկական գրականության գնորդներն են ( մեր ժողովուրդի մոտ «երեխաների համար պետք է չխնայել ոչինչ» սկզբունքն է գործում), գիրք գնելու ցանկությունն անհամեմատ շատ է ուսանողների շրջանում, բայց միշտ չէ, որ նրանք հնարավորությունն ունենում են։ Նման դեպքերում օգնության են հասնում գրադարաններն ու գրքերի վարձույթի, գրքափոխանակության տարբեր ծառայությունները։ Եթե թվերի լեզվով խոսենք, ապա ամենաակտիվը 23-45 տ. մարդիկ են, ովքեր կարողանում են իրենց թույլ տալ ամսվա մեջ գոնե մեկ կամ երկու նոր գիրք գնել՝ կլինի գեղարվեստական, թե մասնագիտական, անհատական աճը խթանող, կամ ավելի թանկարժեք գրքեր՝ նվիրելու համար։
Հարց-Ե՞րբ կարդալ, եթե ռոբոտ ես դարձել ամենօրյա վազքի մեջ։ Ինչպե՞ս կարդալ՝ գինովցա՞ծ, սիգարետի ծուխը ներս քաշելով, երաժշտության ներքո՞...
Պատասխան-Գիտե՞ք, շատ անհատական երևույթ, կարելի է անգամ ասել անհատական մշակույթ է ընթերցանությունը։ Երկրներ կան, որտեղ մարդիկ հասարակական տրանսպորտում, անգամ կանգնած կամ մեկ ձեռքով բռնված են կարդում(մեր մոտ դա գրեթե անհնար է, հասկանալի պատճառներով: Բազմազբաղ մարդկանց համար ամենահարմար պահը քնելուց առաջ գոնե մեկ ժամ ընթերցելն է հաճելի, ոմանց համար անգամ աղմուկը խոչընդոտ չի հանդիսանում։ Այս ամենով հանդերձ պետք է միշտ հիշել, որ ընթերցանությունը(առավել ևս գեղարվեստական գրականության) ստիպողաբար, ուժերի գերլարումով պետք է չլինի, առաջին հերթին հաճույք պետք է ստանալ ընթերցանությունից, որովհետև գիրքը առօրյայից, քո իրականությունից կտրելու հզոր ուժ ունի, պիտի տրվել այդ գեղեցիկ ուժի ներգործությանը։
Հարց-Ինչո՞ւ շատերը չեն ճանաչում արդի հայ գրողներին։
Պատասխան-Բացարձակապես ցանկության հարց է։ Հիմա, ինչպես նշեցի, գիրքը, գրականությունը բավականին շատ ու ինտենսիվ քարոզվում են, գրողներն ու նրանց գործունեությունն էլ՝ լուսաբանվում և տարբեր լրատվամիջոցներով, և գրական մամուլում,և գրական տարբեր միջոցառումների միջոցով։
Խնդիրն այստեղ ենթագիտակցական է. վստահության հարց է։ Շատերը մտածում են՝ Սևակից կամ Մաթևոսյանից հետո գրող չկա, կամ հայերն ի՞նչ պիտի գրեն որ։ Նույն սկզբունքն է, ինչ խանութից ապրանք գնելիս կամ ֆիլմ դիտելիս՝ եթե օտարն է ստեղծել՝ լավն է, եթե մերն է՝ թող մի քանի հոգի փորձեն, նայեն,կարդան, նոր մենք էլ կանենք։
Եվ, վերջիվերջո, պետք է խոստովանել, որ կան մարդիկ ու նրանք շատ են, ովքեր գրականությամբ չեն էլ հետաքրքրվում ընդհանրապես։
Հարց-Ձեր «Ռոդենի ձմեռ»-ից հետո ո՞րն է լինելու։
Պատասխան-Ես գրքերի վերնագրերը միշտ ամենավերջում եմ ընտրում։ Այս պահի համար կարող եմ միայն ասել, որ կլինի պատմվածքների ժողովածու, և հուսով եմ, գալիք տարվա ընթացքում լույս կտեսնի։
Հարց-Գրահատարակությունը բիզնես դարձե՞լ է՝ մրցակցություն, եկամուտ, առաջարկ, պահանջարկ... կան։
Պատասխան-Քանի որ հրատարակչություններից շատերը պետպատվերներից բացի սեփական գործունեությունն են ծավալում, չեն նստում ու սպասում, թե երբ պատվեր կլինի կամ մեկը կցանկանա տպագրվել իրենց մոտ,ապա բնականաբար սպառման խնդիր կա, որն էլ իր հերթին ենթադրում է որակյալ տպագրություն, գնային քաղաքականության վերանայում։ Վերջին տարիներին օտարալեզու գրականության թարգմանությունն է մեծ թափ առել, պայմանագրեր են կնքվում արտասահմանյան հրատարակչությունների, հայ հեղինակների հետ, մասնակցում են տարբեր ցուցահանդեսների ու տոնավաճառների, որը խթանում է և նրանց բիզնեսին և ընթերցողների գրքաքաղցին հագուրդ տալու հնարավորություն է։ Ցավոք, մեր երկրի սահմաններում գրքի սպառման ծավալները ցանկալիից դեռ հեռու են և սահմանափակ, բայց դա արդեն այլ քննարկման հարց է։
Հարց-Ի՞նչ խորհուրդ կտաք կարդալ արձակուրդների ընթացքում։
Պատասխան-Շատ գրքեր կարելի է թվարկել, բայց նշեմ մի քանիսը միայն. Ուիլյամ Սարոյան «Հայրիկ, դու խենթ ես», Օ. Հաքսլի «Չքնաղ նոր աշխարհ», Նիկոս Կազանձակիս «Հույն Զոռբան», Էլֆիք Զոհրաբյան «Բյուրեղապակե մարդը»։ Ի հավելումն այս գրքերի ընթերցեք Արմինե Բոյաջյան, Գրիգ, Հուսիկ Արա, Հարենց, Մարգարետ Ասլանյան, Լևոն Խեչոյան, Արամ Պաչյան, Համբարձում Համբարձումյան, Արփի Ոսկանյան, Արտյոմ Գրիգորյան, Հակոբ Մովսես, Խանջյան, Արամ Ավետիս։ Թվարկեցի անունների մի փոքր մաս միայն, որ չասեն, թե ժամանակակից հայ գրականություն չկա (ժպտում է): Իսկ ընդհանրապես, յուրաքանչյուրը թող կարդա այն հեղինակին ու գեղարվեստական գործը, որն իրեն հոգեհարազատ է համարում։
Հարց-Ձեր՝ ամանորի ու Սուրբ ծնունդի մաղթանքը։
Պատասխան-Ոչ միայն ընթերցողներին, այլ բոլորիս մաղթում եմ սեր մեր երկրի, իրար ու կյանքի հանդեպ։ Անկոտրում կամք, հնարավորություններ ու հավատ սեփական ուժերին, որ յուրաքանչյուրս մեզնից բացի կարող լինենք գոնե մեկի կյանքում երջանկության պատճառ հանդիսանանլ ու օգտակար լինել։
Զրուցեց Լալա Տեր-Ղազարյանը
Լուսանկարեց Լիլիան Գալստյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան