Ո՞րն է պատճառը անձին պահել անազատության մեջ, երբ բացակայում են կալանքի հիմքերը. Գրիգորյանի փաստաբան
Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը այսօր մամուլի ասուլիսը սկսեց հայտարարությամբ։
«Մանվել Գրիգորյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել յուրացման համար և որպես վնաս վարույթն իրականացնող մարմինը ֆիքսել է 7 մլն դրամ, որը դեռևս 2018-ի սեպտեմբեր ամսին վճարվել է դատախազության դեպոզիտ հաշվին։ Այս քրեական գործի շրջանակում ստուգումներ են իրականացվում Գրիգորյանի ու նրա մերձավորների ընկերություններում։ Մի կողմ թողնելով ստուգումների իրավաչափությունը՝ վարույթն իրականացնող մարմնին հարցնում ենք՝ որքա՞ն կարող են կազմել ենթադրյալ խախտումները, ասում են՝ մեկ միլիարդ դրամ։ Մենք պետությանն ենք նվիրաբերում 5 անգամ ավելի արժողությամբ գույք։ Հարցնում ենք՝ ո՞րն է պատճառը անձին պահել անազատության մեջ, երբ բացակայում են կալանքի հիմքերը, պատասխան չունենք։ Ամեն անգամ դատարանը վերացական դատողություններով հլու-հնազանդ կատարում է ՀՔԾ-ի պատվերը և անձին թողնում կալանքի տակ։
Գրիգորյանին հանիրավի պահելով կալանքի տակ՝ տեղի է ունենում խոշտանգում, որի պատասխանատուն ՀՔԾ-ն է ու գլխավոր դատախազությունը։ Գրիգորյանի նկատմամբ կայացվել է քաղաքական որոշում՝ նրան պահել պատանդի կարգավիճակում և նրան դանդաղ մահացնել», - մասնավորապես ասված է փաստաբանի ընթերցած հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ փաստաբանը անդրադարձավ նաև Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, նշելով, որ բացասական դինամիկա կա, մինչև կալանավորվելը նա կախվածություն չի ունեցել ինսուլինից, սակայն արդեն վեց ամիս անց օրական երկու անգամ ստանում է բարձր չափաբաժնով ինսուլին։
«Եթե նոր Հայաստանի քաղաքականությունը ընտրովի արդարադատությունն է և քաղաքացուն դանդաղ սպանելը, ապա դրա դեմ պետք է տոտալ պայքարել։ Եթե ոչ, ապա պետք է անհապաղ փոխել անձի խափանման միջոց կալանքը։ Եթե Գրիգորյանը կատարել է հանցագործություն, ապա օրենքի ողջ խստությամբ թող ենթարկվի պատասխանատվության, բայց կալանքի հիմքերի իսպառ բացակայության պայմաններում, առերևույթ վնասը փոխհատուցելուց հետո ո՞րն էր պատճառը, այն էլ ծանր հիվանդությունների տեր մարդուն, պահել կալանքի տակ», - ասաց Լևոն Բաղդասարյանը։
Փաստաբանը հիշեցրեց, որ Գրիգորյանի կալանքի ժամկետը արդեն 3-րդ անգամ երկարաձգվել է, իսկ վերջին որոշումը իրենք բողոքարկել են Վերաքննիչ դատարան։
Հարակից հրապարակումներ`
- Արձանագրել ենք Մանվել Գրիգորյանի առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա. ՄԻՊ
- Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված
- Մանվել Գրիգորյանը դատական նիստի ընթացքում վատացել է
- Մանվել Գրիգորյանի փաստաբան. Բժիշկները հայտարարում են, որ վերջույթները հեռացնելու վտանգ կա
- ՀՔԾ-ն մտադիր չէ՝ միջնորդել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու համար