Փարաջանովի ցուցահանդեսի խոշոր պաստառը Ստամբուլի օդանավակայանում
Ստամբուլի Բերա թանգարանում շարունակվում է աշխարհահռչակ հայ արվեստագետ, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին (Սարգիս Փարաջանյանց) նվիրված ցուցահանդեսը։
«էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում մեծ արվեստագետի նկարով և «Փարաջանով, Սարգիսի հետ» գրությամբ տեղադրվել է մեծ ցուցապաստառ, որը տարբեր երկրներից ժամանող զբոսաշրջիկներին, նաև Թուրքիայի քաղաքացիներին տեղեկացնում է Բերա թանգարանում բացված ցուցահանդեսի մասին։
Պոլսահայ լրագրող և հասարակական գործիչ Րաֆֆի Հերմոն Արաքսն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է օդանավակայանում փակցված մեծադիր ցուցապաստառի լուսանկարը։
Հիշեցնենք, որ ցուցահանդեսն իրականություն է դարձել Ստամբուլի Բերայի թանգարանի և Երևանի Սերգեյ Փարաջանովի թանգարանի համագործակցության շնորհիվ։ Այն նվիրված է մեծ վարպետի ծննդյան 95-րդ ամյակին։
Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի համակարգմամբ կազմակեպված ցուցահանդեսին ներկայացված են արվեստագետի տարաբնույթ ստեղծագործությունները՝ նկարներ, կոլաժներ, զարդանախշեր, ֆիլմերի դրվագների էսքիզներ, բեմական հագուստի նմուշներ, խճանկարներ, լուսանկարներ և այլն։
Փարաջանովի հավաքածուն ներկայացվել է աշխարհի 30-ից ավել քաղաքներում, սակայն Ստամբուլում կազմակերպված ցուցահանդեսը կազմակերպիչների խոսքով ամենամեծն է։ Այն այցելուների համար բաց է լինելու 2018 թ.-ի դեկտեմբերի 13-ից մինչև 2019 թ.-ի մարտի 17-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան