Համազգային թատրոնն առաջիկա օրերին կունենա գեղարվեստական ղեկավար
Շուրջ երկուշաբաթյա գործադուլից հետո Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը վերադառնում է իր բնականոն աշխատանքի։ Դեկտեմբերի 25-ին թատրոնում նախատեսված է միանգամից երկու ներկայացում՝ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մանկական ներկայացումը և «44 աստիճանի վրա» ներկայացումը՝ մեծահասակների համար։
«Նոր թափով մտնում ենք հունի մեջ։ Մինչև հունվար միայն այդ երկու ներկայացումը կլինի, քանի որ ժամանակ չենք ունենա զբաղվել տոմսերի վաճառով»,- Panorama.am-ին ասաց թատրոնի դերասաններից Արման Նավասարդյանը՝ պատասխանելով հարցին՝ գործադուլից հետո արդյո՞ք թատրոնը վերադառնում է իր աշխատանքային ու ստեղծագործական բնականոն ընթացքին։
Արման Նավասարդյանից նաև տեղեկացանք, որ մշակույթի նախարարի պաշտոնակատարի հրամանով վեց ամիս ժամանակով նշանակվել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Հարցին, արդյո՞ք կմասնակցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթին, նա ասաց. «Ես դեռևս չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Առայժմ կարծում եմ՝ այո»։
Սուրեն Շահվերդյանի հրաժարականից հետո թատրոնը չունի գեղարվեստական ղեկավար։ Տնօրենի իրավասությունն է՝ նշանակել թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Ա. Նավասարդյանն ասաց, որ առաջիկա երկու-երեք օրում թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակելու թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը, այժմ թղթաբանական հարցերն են լուծվում։
Հիշեցնենք, որ թատրոնի դերասանները դեկտեմբերի 1-ից սկսած գործադուլ էին անում՝ պահանջելով թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի և նրա կողմից նշանակված գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանի հրաժարականները։ Նախ հրաժարական տվեց Ս. Շահվերդյանը, ապա նաև Վիգեն Չալդրանյանը՝ դեկտեմբերի 12-ին։ Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Արման Նավասարյանն ասել էր. «Ստեղծագործական կոլեկտիվի, դերասանների կողմից միահամուռ որոշում է, որևէ մեկն ինքնաառաջադրում չի ներկայացրել. միասնական որոշում է Նարինե Գրիգորյանը նշանակվի թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ ես էլ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար»։
Հարակից հրապարակումներ`
- Համազգային թատրոնի դերասանները դադարեցնում են գործադուլը
- Վիգեն Չալդրանյանը դեռևս անդրդրվելի է. Համազգային թատրոնի դերասան
- Սուրեն Շահվերդյանը որոշել է հրաժարվել Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից
- Այնինչ Սուրեն Շահվերդյանին Համազգայինում չեն սպասում
- Համազգային թատրոնը կաթվածահար է. Լիլիթ Գալստյան
- Սուրեն Շահվերդյանը թող գնա իր համար թատրոն բացի ու ղեկավարի. ՀՀ վաստակավոր արտիստ
- Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնն ունի նոր գեղարվեստական ղեկավար
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան