ՊԲ-ում նշանակվել են մարդիկ, որոնք ամբողջ կյանքում ծառայել են Զինված ուժերում. Նիկոլ Փաշինյան (լրացված)
«Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի պաշտոնակությունը ձեզ հայտնի հանգամանքներով չեմ կարող մեկնաբանել»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Հարցին՝ արդյոք մտավախություն չկա, որ այս փոփոխությունը կարող է ազդել Զինված ուժերի մարտունակության վրա, վարչապետի պաշոտնակատարը պատասխանեց. «Ինչ վերաբերում է մտավախություններին, թե այդ փոփոխությունը կարող է ազդել բանակի մարտունակության վրա, գիտե՞ք, դա շատ վատ մեկնաբանություն է մեր բանակի հասցեին, որովհետև ովքե՞ր են նշանակվել։ Նրանք ՊԲ հնաբնակներ են, մարդիկ, որոնք իրենց ամբողջ կյանքում ծառայել են Զինված ուժերում ու գտնվում են Արցախյան ազատամարտի ակունքներում»:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արցախի պաշտպանության նախարար է նշանակվել գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, իսկ Արցախի Պաշտպանության բանակի շտաբի պետ՝ Ջալալ Հարությունյանը։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր նոր խորհրդականի՝ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի նշանակմանը:
Հարցին, թե նրան որ արժանիքի համար է խորհրդական նշանակել, երբ Արշակ Կարապետյանի անվան հետ է կապվում Ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության կողմից թույլ տրված բացթողումները, բացի այդ, նա 2008 թ-ի մարտի 1-ին ընդգրկված է եղել «0038» հրամանով ձևավորված կայազորում, վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց. ««0038» հրամանի կոնտեքստում Հայաստանի Զինված ուժերի մի շատ մեծ հատված ներգրավված է եղել այդ պրոցեսներին: Հիմա ի՞նչ ենք առաջարկում, ԶՈւ-ի այդ հատվածը կտրել անջատե՞լ ՀՀ զինված ուժերից: «0038» հրամանի հետ կապված տեղի է ունենում քննություն, և այն անդրադառնում է բոլոր այն մարդկանց, որոնց գործողություններում առերևույթ ի հայտ են գալիս հանցագործության հատկանիշներ: Մենք այսօր խոսում ենք «Մարտի 1-ի» իրադարձություններում ԶՈւ ներգրավվածության մասին, չէ՞: Այդ ԶՈւ-ում ներգրավված ու ներգրավվող մարդկանց 90 տոկոսն այսօր էլ շարունակում է ծառայել ԶՈւ-ում»:
Ինչ վերաբերում է Ապրիլյան պատերազմի հետ կապված մեղադրանքներին, նա նշեց. «Պետք է ևս մեկ անգամ ասեմ, որ եթե ինչ-որ հայտարարություն բանավոր հնչում է, դա դեռ չի նշանակում, որ դա դատավճիռ է։ Նրանք, որոնք ասում են, որ Արշակ Կարապետյանը քառօրյա պատերազմի պատասխանատու է, ասում են, որ նրանից վերև ոչ մեկը պատասխանատու չէ»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը քառօրյա պատերազմի հետ կապված հարյուրավոր գաղտնի նյութեր է կարդացել, և այդ նյութերում ոչինչ չի գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասի մասին։
«Ձեր այս հարցերը մեկ անգամ ևս վկայում են այն մասին, որ հանրությունը շատ հարցեր ունի ապրիլյան պատերազմի հետ կապված, ինչը նշանակում է, որ մենք շատ հանգիստ ու հանդարտ պետք է գտնենք այդ հարցերի պատասխանները, իսկ որոնց պատասխանները հնարավոր է ներկայացնել հանրությանը, կներկայացնենք»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրեն ոչ ոք չի առաջարկել Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Ես եմ նշանակել և համոզված եմ, որ նա իր պարտականությունները կկատարի: Եթե որևէ փուլում հարցեր կծագեն, նա այս կարգավիճակում ավելի մեծ պարտավորություն կունենա հարցերին պատասխանել կոնկրետ և սպառիչ»:
Եւս մեկ անգամ անդրադառնալով Ապրիլյան պատերազմին՝ նա նշեց, որ քառօրյա պատերազմից առնվազն մեկ ամիս առաջ, եթե ոչ ավելի, ադրբեջանական զորքերի կուտակում է եղել ամբողջ շփման գծի երկայնքով, որի մասին իմացել են բոլորը. «Ես հիմա իրավունք չեմ վերապահի գնահատականներ տալ տեղի ունեցածի վերաբերյալ»:
Անդրադառնալով այն մեկնաբանություններին, թե ապրիլյան պատերազմը պայմանավորված էր, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրա հետ կապված բազմաթիվ բանավոր և գրավոր տեղեկություններ են ստացվում, որոնք որոշակի տեղեկություններ են և դեռ ստուգման կարիք ունեն:
«Ես գիտեմ, որ այդպիսի վարկած եղել է, որը լայնորեն քննարկվել է: Մի բանում կարող եք չկասկածել, որ մեր բոլոր գործողությունները ուղղված են լինելու մեզ համար կարևոր ճշմարտությունները բացահայտելուն, եթե նույնիսկ դրանք առաջին հայացքից կարող են հակառակ տպավորություն թողնել»,- նշեց նա:
Նախարարությունների թիվը կրճատվելու է
Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ նախարարությունների թիվը կրճատվելու է. «Մենք կփորձենք 12 նախարարությունների շրջանակում տեղավորվել»:
Հարցին, թե արդյոք առաջին փոխվարչապետի պաշտոնն այլևս չի լինի, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այդպիսի առաջարկ կա: Ըստ նրա՝ Արարատ Միրզոյանին ԱԺ տեղափոխելու քննարկումներ կան. «Այն, ինչ կա նախագիծ է»:
Դիտարկմանը՝ ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն արդյոք Լիլիթ Մակունցն է լինելու, նա նշեց, որ դա ևս քննարկման հարց է: Ըստ նրա՝ պաշտոնների բաշխման գործընթաց չկա, և նշանակումները խնդիրների առիթ չեն կարող հանդիսանալ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահ Բակո Սահակյանը ներկայացրել է Լևոն Մնացականյանին
- Լևոն Մնացականյան. Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող
- Բակո Սահակյանը ներկայացրել ՊԲ նոր հրամանատարին