Փաշինյանը խոսել է ռուս զինծառայողի կողմից գյումրեցի կնոջ սպանության մասին
Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Գյումրիում ռուս զինծառայողի կողմից 57-ամյա գյումրեցի կնոջ սպանությանը՝ նշելով, որ պետք է արձանագրել՝ կա մի շատ կարևոր տարբերություն Ավետիսյանների ընտանիքի սպանության հետ:
Մասնավորապես, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է գյումրեցի կնոջ սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողը պահվում ռուսական ռազմաբազայում, նա նշեց. «Այն ժամանակ անհրաժեշտ էր համոզված լինել, որ խորը և համապարփակ քննություն է տեղի ունենալու գործի հետ կապված, և մինչև հիմա էլ, ցավոք սրտի, Ավետիսյանների հարազատները կասկած են հայտնում, որ գործը քննվել է ամբողջությամբ։ Այս կոնտեքստում՝ նրա՝ Պերմյակովին, որտեղ պահելու հանգամանքը ստանում էր որոշակի նշանակություն և կարևորություն։ Այս պարագայում, մենք այդպիսի իրավիճակ չունենք: Մեր խնդիրը ո՞րն է՝ որևէ գործ ամբողջությամբ քննվի ու բացահայտվի, թե՞ մեր խնդիրն այն է, որ կոնկրետ զինվորն այս քրեակատարողական հիմնարկում է պահվում, այն կամ մեկ այլ», - ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը։
Նրա խոսքով՝ ռուս զինվորականը հայ իրավապահների կողմից չի ձերբակալվել, այսինքն՝ նա չի ձերբակալվել ռազմաբազայի տարածքից դուրս: