Հայաստանում մակարոնեղենի արտադրությունը զգալի աճել է
Հայաստանում այս տարվա 10 ամիսներին արտադրվել է 4 հազար 111.3 տոննա մակարոնեղեն, ինչը 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 51.8%-ով:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարի 10.9 տոկոսով աճել է նաև ձավարեղենի արտադրությունը: Մասնավորապես, եթե 2018 թ-ի հունվար-հոկտեմբերին արտադրվել է 997.3 տոննա ձավարեղեն, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 899.2 տոննա:
Հայաստանում այս տարի ավելացել է նաև հրուշակեղենի արտադրությունը: Ըստ վիճակագրության՝ 10 ամիսներին հանրապետությունում արտադրվել է 18 հազար 68.5 տոննա հրուշակեղեն, իսկ նախորդ տարվա հունվար-հոկտեմբերին՝ 14 հազար 629.7 տոննա: Արտադրության աճն այստեղ կազմել է 24.9 տոկոս:
Նշենք, որ սրան զուգահեռ հանրապետությունում նվազել է հացի և ալյուրի արտադրությունը: Մասնավորապես, 2018 թվականի հունվար-հոկտեմբերին հացի արտադրության ծավալները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2.4 տոկոսով՝ կազմելով 221.4 հազար տոննա, իսկ ալյուրի արտադրությունը կազմել է 110 046.9 տոննա՝ նվազելով 18.6 տոկոսով.