Ես պաշտոնական բանակցային որևէ պրոցեսի չեմ մասնակցել. Նիկոլ Փաշինյան
«Արցախի հարցում նոր բան չկա»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Միլանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում փոխըմբռնում է ձեռք բերվել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:
«Միլանում համանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են համաձայնեցրել, ու ասվել է, որ երկար ժամանակ չէր հաջողվում համաձայնեցնել և համաձայնեցվել է: Վերջին 24-25 տարիներին այդպիսի բազմաթիվ հայտարարություններ են եղել»,- հայտնեց վարչապետի պաշտոնակատարը:
Ըստ նրա հավաստման՝ Արցախի հարցում նոր բան չկա.«Ակտիվությունն այնքանով է, որքանով դուք տեսնում եք, և այդ ակտիվությունը կարող ենք համարել վերջին 25 տարում եղած ցածրից մի քիչ բարձր»։
Անդադառնալով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նա պարբերաբար գալիս է տարածաշրջան: Ըստ նրա՝ քանի որ այդ այցերը հիմնականում աշխատանքային բնույթ են կրել, եղել են դեպքեր, որ դրանք նույնիսկ չեն լուսաբանվել, բայց հիմա իր աշխատակազմին հանձնարարել է, որ բոլոր շփումները պարտադիր լուսաբանվեն:
Խոսելով Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններից և Հայաստանում դրա արձագանքների մասին՝ վարչապետի պաշտոնակատարը նշեց. «Երբ ինչ-որ մեկնաբանություն է հնչում ադրբեջանական կողմից, որը լավատեսական էլեմենտ է պարունակում իր մեջ, անկեղծ ասած, ինձ զարմացնում է հայաստանցի մի շարք մեկնաբանների մեկնաբանությունը, որ առաջին կանխավարկածն այն է, թե այստեղ ինչ-որ դավադրություն կա: Ինչու՞ չկա այնպիսի կանխավարկած, որ գուցե Հայաստանի կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել:
Երբ ես Սանկտ Պետերբուրգից գիշերը եկա Գյումրի, Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ տեղի է ունեցել շփում: Ի դեպ մենք պայմանավորվել էինք, որ այսպիսի կարճ տեղեկություն կտանք, և այն փաստը, որ առաջինը նրանք են հաղորդագրություն տվել, դրանից տիտանական եզրակացություններ են արվում: Ես էլի եմ ասում, որ ցանկացած ոք կարող է իմ ասածը քննության առնել՝ Հայաստանի ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում այդքան թափանցիկ չի եղել, որքան մեր կառավարությունը»:
Անդրադառնալով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամբողջ խնդիրն այն է՝ Ադրբեջանն ամենասկզբից պնդել է, թե նման պայմանավորվածություն ընդհանրապես չկա:
«Ինչ վերաբերում է այդ օրակարգերին, դրանք պաշտոնական բանակցային պրոցեսի օրակարգ են, որոնք տեղի են ունեցել համանախագահների մասնակցությամբ: Ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ես պաշտոնական բանակցային որևէ պրոցեսի չեմ մասնակցել: Ընդհանրապես որևէ բանակցային պրոցեսի չեմ մասնակցել: Մենք երկու անգամ զրույց ենք ունեցել Իլհամ Ալիևի հետ»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք ճիշտ են ադրբեջանական կողմի հայտարարությունները՝ Նախիջևանի կողմից 11 հազար տարածք կարողացել են իրենց վերահսկողության տակ վերցնել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․«Եթե չեմ սխալվում, պաշտպանության նախարարը մի քանի անգամ հրավիրել է լրագրողների խմբի և նրանք գնացել ու տեղում ծանոթացել են սահմանային իրավիճակին: Հիմա ես տեսնում եմ, որ նախորդ իշխանության ներկայացուցիչներն ինչ-որ մեկնաբանություններ են անում: Նախիջևանի ուղղությամբ դիրքային խնդիրները, որ տեղի են ունեցել, 95 տոկոսը տեղի են ունեցել փետրվար-մայիսին: Եթե ինչ-որ բան տեղի է ունեցել, ուրեմն տեղի է ունեցել այդ ամիսներին: Իսկ իրականում եղել են դիրքերի որոշակի տեղաշարժեր, դրանք երկու կողմից են տեղի ունեցել: Ես պաշտոնապես ասում եմ, որ այն տարածքները, որոնք մայիսի 8-ի դրությամբ եղել են Հայաստանի Զինված ուժերի վերահսկողության ներքո, դրանք շարունակում են մնալ ՀՀ Զինված ուժերի վերահսկողության ներքո: Ես նույնիսկ ասել եմ, որ այդ պրոցեսների արդյունքում մեր ԶՈՒ դիրքերը բարելավվել են և ռազմավարական նախաձեռնությունը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ մեր ԶՈւ ձեռքում»:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ մամուլի խոսնակը՝ Միլանում ձեռք բերված փոխըմբռնման վերաբերյալ
- Շարմազանով. Մտահոգիչ հայտարարություններ են գալիս Բաքվից
- Պաշտոնապես հայտարարում եմ՝ Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը ոչ մի տարածք չեն «ազատագրել». Դավիթ Տոնոյան
- Պաշտպանության նախարարը այցելել է նախիջևանյան սահման
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան