ԱԳՆ մամուլի խոսնակը՝ Միլանում ձեռք բերված փոխըմբռնման վերաբերյալ
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը տարածել է պարզաբանում Միլանում ձեռք բերված փոխըմբռնման վերաբերյալ։
«Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները հրապարակվել են ՀՀ ԱԳՆ կողմից: Մասնավորապես, հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ նշված է, որ «Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան»։
Մեկ այլ համաձայնություն էլ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ: Նման ձևաչափով հայտարարություններ երկար ժամանակ է, ինչ չէր հաջողվում ընդունել, այնուամենայնիվ, Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հայտարարության տեքստի շուրջ։
ԵԱՀԿ նախարարների խորհրդում դեկտեմբերի 6-ի իր ելույթում, որը նույնպես հրապարակվել է ՀՀ ԱԳՆ կողմից, Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է այդ հայտարարությանը` ընդգծելով, որ անշուշտ ոգևորիչ է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած հանդիպումից հետո հաջողվեց համաձայնության գալ ընդհանուր տեքստի շուրջ և ընդունել հնգակողմ հայտարարություն: Նա հավելեց, որ այդ հայտարարությունը վերահաստատում է Դուշանբեում ձեռք բերված փոխըմբռնումը կյանքի կոչելու կարևորությունը՝ ինտենսիվորեն աշխատելու հակամարտության գոտում լարվածության հետագա թուլացման և ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ:
Նման բարդ հարցերի առնչությամբ հանրային հայտարարություններում ոչ կոնֆրոնտացիոն, ոչ թշնամական տոնայնության պահպանումն արդեն իսկ լավ է»,-ասված է ԱԳ նախարարության խոսնակի պարզաբանման մեջ։
Ավելի վաղ Միլանում հանդիպման արդյունքների մասին խոսել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։
«Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո հասել ենք փոխըմբռնման»,-ասել էր Մամեդյարովն ու հույս հայտնել, որ հունվարին Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը ակնկալում է քննարկում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան