Մեր ավանդական պատկերացումները անվտանգության մասին մեր անվտանգության հետ ոչ մի կապ չունեն
«Հայաստանի և իր՝ այսպես կոչված դաշնակիցների հարաբերություններում առկա է եթե չասենք ճգնաժամ, ապա գոնե շատ լուրջ չհասկացվածություն»,- այսօր լրագրողների հետ հնդիպմանն այս մասին ասաց Միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:
«Մենք խոսում ենք տարբեր լեզուներով, մեր և նրանց համար լավը և վատը, դրականն ու բացասականը նույն հարթության վրա չեն գտնվում։ Մեր ավանդական պատկերացումները անվտանգության մասին մեր անվտանգության հետ ոչ մի կապ չունեն»,- ասաց նա:
Մեհրաբյանն անդրադարձավ Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված Ռուսաստանի դեսպանի հարցազրույցին՝ նշելով. «Անօգնական, անբովանդակ նախադասությունները 40 րոպեի ընթացքում։ Նա ոչինչ չուներ ասելու: Շատ օրինաչափ հարցեր կային, որ հնչում էին, բայց պատասխան չկար»։
Ինչ վերաբերում է արցախյան հարցի կարգավորման գործընթացին՝ փորձագետն ասաց. «Այստեղ մենք ունենք լուրջ փոփոխություններ։ Մի քանի արձանագրում անենք՝ աննախադեպ հանդարտ է դիմակայության գծի վրա, ուղիղ կապ կա Երևան-Բաքու, որը ԵԱՀԿ հովանու ներքո է կազմակերպված, մենք թևակոխել ենք բանակցային գործընթացի ակտիվ փուլ։ ՀՀ-Ադրբեջան հյուսիսարևելյան սահմանում ադրբեջանական ցամաքային զորքերի փոխարեն այնտեղ հերթապահության են անցնում սահմանապահ զորքերը։ Սա խոսում այն մասին, որ այսօր պաշտոնական Բաքվին ձեռնտու է «խաղաղասիրական» դիրքավորումը արցախյան բանակցային գործընթացում, այս փոխատեղումը կսկսի վաճառել որպես խաղաղասիրություն: Բայց այդ զորքերը կարող են գործի դրվել մեկ այլ տեղում, երբ իրենք հարկ կհամարեն»:
Անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Հայաստանի իր գործընկերոջ հետ եկել են փոխըմբռնման, Մեհրաբյանը դժվարացավ ասել, թե ինչի մասին է խոսվում։
«Նման հայտարարությունները ինչ-որ տեղ կարող են հիմք դառնալ օպտիմիզմի համար, բայց շատ զգուշավոր, շատ սահմանափակ օպտիմիզմի համար, որովհետև չպետք է մոռանանք, որ Ադրբեջանը մնացել է նույն իր կարծր դիրքորոշմանը՝ այսինքն Ադրբեջանը ցանկանում է մինչ արցախյան պատերազմը ստատուս քվո»,- հավելեց նա։
Մեհրաբյանն ընդգծեց, որ Արցախի տարածքները միշտ էլ մնում են վտանգված, և այդ վտանգի չեզոքացման միակ գրավականը Արցախի պաշտպանության բանակը և հայ զինվորն են:
Խոսելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունից՝ նշեց, որ փաստացի ներկայացվեց, որ Մոսկվան և Մինսկը՝ դուետով անպարկեշտ առաջարկություններ են արել Հայաստանին, իսկ Սերժ Սարգսյանը չի ընդունել դրանք:
«Լուկաշենկոն փաստորեն միանում է Բաքվի և Անկարայի հռետորաբանությանը՝ ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի»,- հավելեց Ռուբեն Մեհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ մամուլի խոսնակը՝ Միլանում ձեռք բերված փոխըմբռնման վերաբերյալ
- Շարմազանով. Մտահոգիչ հայտարարություններ են գալիս Բաքվից
- Սերժ Սարգսյանը հրաժարվել է Ադրբեջանին 5 շրջան վերադարձնել. Ալեքսանդր Լուկաշենկո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան