Արսեն Բաբայան. ԱԺ աշխատակազմը 2018-ին միայն վառելիքի գծով խնայել է 90 հազար լիտր բենզին
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն անդրադարձել է այսօր «Ժամանակ» թերթում մսխումների մասին հրապարակմանը, այն որակել «անհեթեթ տեղեկություն մտացածին մսխումների մասին»
«Իր կարծիքով, «անհայտ» մի աղբյուր «Ժամանակ» օրաթերթի լրագրողի վստահությունը չարաշահելու միջոցով փորձել է իր անհեթեթ մտքերը սփռել, իսկ լրագրողն էլ, հավանաբար, տուրք տալով գայթակղությանը ցուցաբերել է անհեռատեսություն և ստացված զրպարտություններ պարունակող տեղեկությունն անգամ չի փորձել ճշտել Ազգային ժողովի աշխատակազմից։
Պաշտոնապես հայտնում եմ, որ Ազգային ժողովի բոլոր պատգամավորների (նախագահ, փոխնախագահներ, հանձնաժողովների նախագահներ և այլն) ծառայողական ավտոմեքենաներն այս պահին էլ շարունակում են սպասարկել իրենց, որի համար ստացել և շարունակում են ստանալ սահմանված չափով բենզին։
Պաշտոնապես հայտնում եմ նաև, որ 2018 թվականին ԱԺ աշխատակազմն արդյունավետ կառավարման արդյունքում ունեցել է բյուջեի զգալի խնայողություն։ Մի շարք խնայողությունների շարքում միայն վառելիքի գծով 2018 թվականին տնտեսվել է ավելի քան 90 հազար լիտր բենզին։
Հետևաբար` բոլոր այն զրպարտությունների տարածումը, թե իբր աշխատակազմը ոչ արդյունավետ է ծախսել միջոցները, «անհայտ» աղբյուրի չարամիտ նպատակների հետևանքն է։
Հիշեցնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահը չի զբաղվում մեքենաների հավաքմամբ կամ բաշխմամբ, այն ամբողջությամբ Ազգային ժողովի աշխատակազմի գործառույթների շրջանակներում է»,-նշել է Բաբայանը։