Բյուջեում արտացոլված են մեր երկրի տնտեսական զարգացման հիմնարար սկզբունքները. Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին մասնակցել է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի հաստատմանը նվիրված Ազգային ժողովի նիստին:
ԱՀ աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ ելույթում Բակո Սահակյանը կանգ է առել բյուջեի նախագծի որոշ ուղղությունների վրա:
«Բյուջեում արտացոլված են մեր երկրի տնտեսական զարգացման հիմնարար սկզբունքները, որոնց բաղադրիչներն են՝ դինամիկ և համաչափ զարգացող տնտեսությունը, ներհայկական տնտեսական ինտեգրացիայի բարձր աստիճանի ապահովումը և սոցիալական պետության կարևորագույն ատրիբուտների պահպանումը: Առանձին ուշադրության կենտրոնում եղել և մնում են բանակաշինության, անվտանգության, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ոլորտները: Այսուհետ էլ արվելու է հնարավոր ամեն ինչ բանակի մարտունակության հետևողական բարձրացման, զինված ուժերը ժամանակակից զինտեխնիկայով համալրման, քաղաքացիական պաշտպանության համակարգի ամրապնդման ու արդիականացման, զինծառայողների, վետերանների և հաշմանդամների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ», - ընդգծել է Նախագահ Սահակյանը:
Նախագահը նշել է, որ տեղի են ունեցել բյուջեի նախագծի բազմակողմանի ու համապարփակ քննարկումներ՝ նախատեսված բոլոր փուլերով, պատգամավորները հնարավորություն են ունեցել ծանոթանալու բյուջեի տրամաբանությանը, դրա հնարավորություններին ու կազմման գործընթացին և հայտնելու իրենց կարծիքներն ու տեսակետները:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին բյուջետային քննարկումներին ակտիվ մասնակցության ու համագործակցության համար և առաջարկել բյուջեի նախագծի ներկայացված վերջնական տարբերակն ընդունել որպես օրենք:
Տեղի ունեցած քննարկումների արդյունքում Ազգային ժողովն ընդունել է Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում