Էդուարդ Թոփչյանը կղեկավարի Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը
Չայկովսկու անվան համերգասրահում (Մոսկվա) դեկտեմբերի 21-ին կկայանա Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը կղեկավարի Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյանը: Համերգին կհնչեն ուշ ռոմանտիզմի երկու հսկաների՝ Էկտոր Բեռլիոզի «Ֆանտաստիկական սիմֆոնիան» և Ֆերենց Լիստի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը, որը կկատարի Չայկովսկու մրցույթի 3-րդ մրցանակակիր (2015)՝ Սերգեյ Ռեդկինը:
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս համերգը մաեստրո Թոփչյանի առաջին համագործակցությունն է Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է հանրահայտ Պավել Կոգանը:
Էդուարդ Թոփչյանը բազմիցս հանդես է եկել համերգներով Ռուսաստանում՝ ղեկավարելով ռուսական տարբեր հեղինակավոր նվագախմբեր, որոնց թվում են Ռուսաստանի ազգային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Միխայիլ Պլետնյով և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակով: