Արտախորհրդարանական ընդդիմություն ենք լինելու. ՀՅԴ ԳՄ անդամ
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՅԴ-ն չկարողացավ հաղթահարել անհրաժեշտ շեմը և այդպես էլ Ազգային ժողովում չհայտնվեց։ Արդյոք սրանով ավարտվեց կուսակցության ոդիսականը, թե Դաշնակցությունը մտադիր է շարունակել արտախորհդարանական գործունեություն ծավալել։ Պարզելու՝ որո՞նք պետք է լինեն կուսակցության առաջիկա քայլերը, ինչ քաղաքականություն են վարելու, Panorama.am-ի թղթակիցը թեմայի շուրջ խոսեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանի հետ։
Panorama.am- Պարոն Համբարձումյան, ինչպե՞ս եք պատրեկացնում ՀՅԴ-ի առաջիկա գործունեությունը։
Արսեն Համբարձումյան- Շատ բնականոն։
Panorama.am- Իսկ հատկապես ո՞ր ոլորտներում։
Արսեն Համբարձումյան- Մեզ համար կա կարևոր երկու ուղղություն՝ կապված ազգային խնդիրների և սոցիալ-տնտեսական քաղաքականության հետ։ Այս երկու ուղղություններով մենք հետամուտ ենք լինելու մեր օրակարգային հարցերին։
Panorama.am- Ինչպե՞ս եք փորձելու այդ ոլորտներում գործունեություն ծավալել, երբ ԱԺ հարթակը Դաշնակցության համար այլևս չկա։
Արսեն Համբարձումյան- Առանց ԱԺ-ի հարթակի էլ հնարավոր է շատ հաջողությամբ գործունեություն ծավալել։
Panorama.am- Արդեն սկսե՞լ եք։
Արսեն Համբարձումյան- Դուք դրան ականատես կլինեք։ Կոնկրետ ժամկետների մասին ձեռնպահ կմնամ ինչ-որ բան ասել, բայց անշուշտ հավաստիացնում եմ, որ ակտիվ գործունեության եք ականատես լինելու։ Այլ կերպ չի կարող լինել։
Panorama.am- Հաշվի առելով, որ այլևս խորհրդարանական ուժ չեք, ըստ Ձեզ՝ որքան արդյունավետ կարող են լինել ձեր քայլերը։
Արսեն Համբարձումյան- Ժամանակը ցույց կտա։ Սահմանադրությունը հնարավորություններ է ընձեռում օրենսդրական նախաձեռնություններ բարձրացնել, և համապատասխան ստորագրությունների պարագայում դրանք նաև ԱԺ-ում քննարկման առարկա դարձնել։ Մենք փորձելու ենք օգտվել ընձեռնված հնարավորություններից և օրակարգային առաջնահերթություններն առաջ մղել։
Panorama.am- Այսիսնքն՝ արտախորհրդարանական ընդդիմությո՞ւն եք լինելու։
Արսեն Համբարձումյան- բնականաբար՝ այո։ Դաշնակցության համար խորհրդարանում ինչ-որ բան չի սկսվում և չի ավարտվում։ Թող մտահոգվեն այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք իրենց քաղաքական գործունեությունը պատկերացնում են բացառապես խորհրդարանում։
Panorama.am- Իսկ որևէ մեկի հետ ձեզ պատկերացնո՞ւմ եք այդ դաշտում, թե ՀՅԴ-ն միայնակ է գործելու։
Արսեն Համբարձումյան- Այս առումով որևէ կաշկանդվածություն չունենք, մեզ համար կարևոր է, թե այս օրակարգերի շուրջ ինչ ընդհանուր հայտարար կձևավորվի։
Panorama.am- Պարոն Համբարձումյան, ի դեմս ՀՅԴ-ի՝ խորհրդարանն ին՞չ կորցրեց։
Արսեն Համբարձումյան- Կորցրեց հստակ գաղափարական ուժի։