Հայրենիք, աշխատանք, ընտանիք...
Իմանալով, որ գրում ես մարդկային փոխհարաբերությունների մասին, շատ հաճախ մարդիկ առաջարկում են իրենց պատմությունները ՝ «էնքա՜ն հետաքրքիր է իմ կյանքը»:
Լսում ես, բայց լավագույն դեպքում տասից մեկի պատմածից ընդամենը մի դրվագ կարող ես պատմվածք դարձնել… արտասովոր պետք է եղած լինի կյանքդ, որ քեզանից բացի ուրիշների համար ևս հետաքրքիր լինի: Իսկ ոմանց կյանքն այնքան հագեցած է ստացվում, որ թվում է, թե երկնային վերևներում ինչ-որ մեկը ծուլանալով իր գործը լավ անել՝ հարյուր հոգու միջև բաշխվելիքը բռնել ու տվել է մեկին: Սակայն, առաջին հայացքից է դա ընկալվում որպես ճակատագիր: Իրականում ամեն մարդ ինքն է ընտրություն կատարում անվտանգ- անգույն- միապաղաղ և դժվարին, բայց հետաքրքիր ու բովանդակալից կյանքի միջև:
Հենց այս երկրորդ կյանքն է ընտրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և այդ պատճառով էլ մեծ հետաքրքրությամբ է ընթերցվում նրա «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գիրքը: Ցանկացած էջում ընթերցողի առջև է ներքին հստակ համոզմամբ իր սեփական ուղիով ընթացող մարդը: Իսկ ընտրած ուղին ծառայությունն էր Հայրենիքին, լրջագույն մոտեցումը ստանձնած աշխատանքին և նվիրվածությունը ընտանիքին:
«Իմ ներգրավվածությունը ղարաբաղյան պայքարին այնքան ուժգին էր, որ ես գրեթե կորցրել էի իմ և իմ երկրի ճակատագրերի միջև սահմանի զգացողությունը: Ես մեկն էի նրանցից , ով ոգեշնչել էր ժողովրդին պայքարել ազատության համար, և հաղթանակն այդ պայքարում դարձել էր կյանքիս ամենակուլ գործը»։ (Մաս 2, գլուխ 9): Սա 1992-ի օգոստոսին Ղարաբաղի Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնելու հետ կապված մտորումներից են: Ի դեպ, արժե ներկայացնել, թե ինչպես է Ռ.Քոչարյանը կազմել ՊՊԿ-ի ծրագիրը, լիազորությունները, գործառույթները: «Գիշերը տանը, կերոսինի լամպի տակ, ժամեր շարունակ կարդում էի Սովետական մեծ հանրագիտարանը՝ ուսումնասիրելով Հայրենական Մեծ պատերազմի սկզբնական շրջանի ԽՍՀՄ փորձը: Ձեռքիս տակ, պարզապես, ուրիշ աղբյուր չկար»։
(Մաս 2, գլուխ 9): Այդ հիմա է համացանցը մեկ-երկու կտտոցով աշխարհի գաղտնիքները հայտնում կամ 3D-ով բացում Շուշիի մատույցները... Նման փաստերը հաշվի առնելով՝ երիտասարդ սերունդը թերևս կկարողանա ավելի ամբողջական գնահատել արցախյան ազատամարտի ողջ հերոսականությունը:
1997 մարտին ընդառաջ գնալով ՀՀ իշխանությունների առաջարկին՝ Ռ. Քոչարյանը համաձայնվում է տեղափոխվել Երևան՝ դարձյալ Ղարաբաղն աչքի առաջ ունենալով որպես առաջնահերթություն. «…Ինքս էլ տեսնում էի, որ Հայաստանում գործերը վատ են: Անկասկած, Երևանում պետք է այնպիսի մարդ , ով կկարողանա լուծել բոլոր պրոբլեմները: Բայց եթե ինձանից բացի ուրիշին չգտնեն, ապա հրաժարվել չի կարելի, այլապես շատ մեծ է Ղարաբաղը կորցնելու վտանգը: Այո՛, այդ պահին որոշիչ գործոնն ինձ համար անհանգստությունն էր Ղարաբաղի ճակատագրի համար… ողջ Հայաստանի ճակատագրի պատասխանատվությունը հետո զգացի»։ (Մաս 3. գլուխ 11):
Քոչարյանը խոստովանում է, որ Հայաստանում պաշտոնավարելու առաջին ամիսները «ոչ թե պարզապես դժվար էին, այլ իրական մղձավանջ էին»: Այդուհանդերձ, արդեն նույն տարվա օգոստոսին գրանցվում են առաջին դրական տեղաշարժերը. « ... սոսկ կազմակերպչական որոշումների և կատարողական կարգապահության ամրապնդման հաշվին մեզ հաջողվեց մարել թոշակի և աշխատավարձերի պարտքերը, ընդ որում՝ հարկային բեռը թողնելով նույնը»։ (Մաս 3. գլուխ 11):
1997-ի սեպտեմբերին մամուլի ասուլիսով Տեր-Պետրոսյանը կոչ է անում Ղարաբաղի հարցով զիջումների գնալ և համաձայնել Մինսկի խմբի համանախագահների առաջարկած կարգավորման փուլային տարբերակին: Ըստ այդ պլանի նախատեսվում էր տարածքների վերադարձ, բացառությամբ Լաչինի միջանցքի, որի կարգավիճակն անորոշ էր մնում: Իսկ հայկական կողմին առաջարկվում էր տնտեսական շրջափակման վերացում և անվտանգության միջազգային դեկլարատիվ երաշխիքներ: «ԼՂՀ կարգավիճակի հարցը հետաձգվում էր անորոշ ժամանակով ՝ առանց դրա ընդունման որևէ ֆիքսված մեխանիզմի: Ես համոզված էի, որ նման որոշումը կտրականապես անընդունելի է: Հանձնե՞լ տարածքները, որոնք եղել և մնում են ԼՂ անվտանգության ամենահուսալի երաշխիքները... Առանց ԼՂ կարգավիճակի հստակեցման Ադրբեջանին տա՞լ այն ամենը, ինչն ուժեղացնում է մեր բանակցային դիրքերը... Մենք միանգամից կզրկվեինք բոլոր այն առավելություններից, որոնք հիմք էին հանդիսացել հրադադարի ձեռք բերման համար , և ոչ ոք չէր կարող երաշխավորել, որ ռազմական գործողությունները չեն վերսկսվի»։ (Մաս 3. գլուխ 11):
Այդ ասուլիսում էր, որ Տեր-Պետրոսյանը հայ հասարակության շրջանում ցանեց իր թողած ժառանգության զազրելի երևույթներից մեկի՝ հայաստանցի-ղարաբաղցի տարանջատման սերմերը: «Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն ինձ չզարմացրեց: Ես գիտեի, որ նա պատրաստ է գնալ անթույլատրելի զիջումների: Ա՛յ թե ինչը ինձ ապշեցրեց՝ դա նրա փաստարկներն էին... Հայաստանի ժողովրդին հայտարարեց, որ իրենք վատ են ապրում Ղարաբաղի պատճառով, և կոչ արեց հրաժարվել նրանից»։ (Մաս 3. գլուխ 11): Ավագ սերունդը վստահաբար կհիշի Տեր-Պետրոսյանի հայտնի արտահայտությունը. «Սերգո ջան, դու լավ չես ապրի, մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի»: Պետք է արձանագրել, որ ԼՏՊ-ն թշնամացման իր նպատակին հասավ մասամբ, քանզի 2016-ի Ապրիլյան քառօրյան ապացուցեց, որ անգամ այդ խայծը կուլ տվածներն են զենքը ձեռքին կանգնում սահմանին (ցավոք, 20 տարի անց նրա աշակերտը բռնել է նույն ճանապարհը... բայց դա այլ թեմա է):
Քոչարյանի դիտարկմամբ. «Ավելի հեշտ էր երկրի ծանր վիճակը պայմանավորել ղարաբաղյան պրոբլեմով, քան խոստովանել, որ գործերը վատ են անարդյունավետ կառավարման պատճառով, և որ դու ինքդ որևէ բան անել չես կարող: Ենթագիտակցորեն մարդիկ հակված են սեփական անհաջողությունների համար փնտրել արտաքին պատճառներ: Սա մասամբ օգնում է հաղթահարել ներքին անհարմարավետությունը, բայց որպես կանոն, դառնում է նոր անհաջողությունների պատճառ»։
Դիպո՞ւկ է: Այո՛: Ողջ գրքում բազմաթիվ են նմանատիպ խորքային դիտարկումները, ընդ որում՝ ոչ միայն ուրիշերին, այլև հենց իրեն վերաբերող գնահատականներում: «....Ես ունեի խիստ, անգամ դաժան մարդու հեղինակություն: Ինչ-որ տեղ դա ճիշտ էր: Բայց հենց խստապահանջ ղեկավարի իմիջն էր ինձ օգնում .... այն միանգամից հավաքում և զգաստացնում էր բոլորին»: Երիտասարդ տարիքում փիլիսոփայական գրականությամբ հրապուրված Քոչարյանը եզրակացնում է. «... հավանաբար, իմ բանավոր խոսքի ծայրահեղ հակիրճությունը պատասխան ռեակցիան է Հեգելի տառապալից ընթերցանությանը “: Ղարաբաղցիներից լավ ոչ ոք չի կարող բնութագրել հենց իրենց. « .... Զարմանալի է, բայց նույնիսկ ամենածանրագույն օրերին ղարաբաղցիները տղամարդավարի դիմանում էին բոլոր փորձություններին: Ո՛չ մի բողոք, ո՛չ մի նվնվոց: Սպանվածներին անգամ սկսել էին թաղել համարյա առանց արցունքի: Երևի իրոք, մեր համառությունն ինչ-որ առանձնահատկություն ունի, անգամ իռացիոնալ է »։ (Մաս 2, գլուխ 8):
Անկեղծ ասած, առանց այս ինքնակեսագրական գրքի էլ Ռոբերտ Քոչարյանը միշտ թողել և թողնում է ներամբողջական, ինքնաբավ ու պինդ մարդու տպավորություն: Գիրքն, ուղղակի, օգնում է հասկանալ այդ կայացվացությանը նպաստող հանգամանքները, հատկապես՝ ընտանիքի դերը: Գրքի առաջին՝ «Խաղաղ կյանք «մասում ջերմ տողերով են նկարագրված հայրական օջախը, այնտեղ տիրող սերն ու փոխադարձ հարգանքը, Ռոբերտին և եղբորը՝ Վալերային պարգևած երջանիկ մանկությունը. «... երջանկությունն այն է, երբ հաշտ ու համերաշխ ապրում ես ինքդ քեզ հետ, այլ ոչ թե քրքրում ես քեզ՝փնտրելով կյանքի իմաստն ու քո տեղը դրանում»։ Հետագա էջերում արդեն իր կազմած ընտանիքն է՝ կինը, երկու որդիները և դուստրը, որոնց հետ գնդակոծվող Ստեփանակերտում մի քանի տարի ապրել են նկուղում, բոլորի հետ հավասար կիսել են պատերազմի բոլոր դժվարությունները, այնուհետև կրել են նախագահական ընտանիքի պատիվը: Արդեն որպես պաշտոնաթող նախագահ Ռ. Քոչարյանը գրում է. « ... մտածում էի ընտանիքիս մասին, որն այս բոլոր տարիներին իմ հուսալի թիկունքն էր: Տասը տարիների ընթացքում իմ ընտանիքը ոչ ոքի անգամ չնչին առիթ չի տվել կասկածելու իրենց արժեքային համակարգին: ....Ես շնորհակալ եմ նրանց, որ ոչ մի անգամ ստիպված չեմ եղել կարմրել իրենց արարքների համար»։ (Մաս 3, գլուխ 23): Իսկ այն, որ 1994-ից ԼՂ, 1998-ից ՀՀ Առաջին տիկին Բելլա Քոչարյանը մշտապես առանձնացել է իր զուսպ և բարեհամբույր կեցվածքով, գաղտնիք չէ ոչ մեկի համար ո՛չ այն տարիներին, ո՛չ էլ այսօր: Այնպես որ լիովին ընկալելի է պարոն Քոչարյանի խոստովանությունը. «Ընտանեկան կյանքում ես երջանիկ եմ։
Ինչո՞ւ: Երբեք չեմ մտածել: Կարծում եմ, կարիք չկա փորփրել հարաբերությունները, վերլուծել դրանք: Եթե քեզ հարմարավետ ես զգում, եթե պատրվակ չես փնտրում ուշ տուն գնալու համար, պատրաստ ես հանգստյան օրերդ նվիրել ընտանիքիդ՝ չհամարելով դա մեծ զոհողություն, ուրեմն ապրիր ինչպես ապրում ես, և բացատրություններ մի փնտրի ՝ թե ինչու է այդպես, կամ ինչն է լավ, ինչը վատ...» (Մաս 2, գլուխ 4):
Պարզ ու անկեղծ ոճով գրված գիրքը տեղ-տեղ հանկարծակիի է բերում զարմանալի գեղարվեստականությամբ. այդպիսի դրվագներից են հատկապես Քելբաջարի բնության նկարագրությունը, Շուշիի գրավմանը պատրաստվող ժողովրդի հաստատակամության ներկայացումը, զինադադարի ցնծությունը և բազմաթիվ նման պատկերներ, որոնք երբեմն ժապավենի պես անցնում են աչքիդ առջև, ինչպես ֆիլմում: Այս զգացողություններ ունեցած մարդու ոգու ուժն ու մտքի թռիչքը հնարավոր չէ զսպել, վանդակել, կոտրել... ավելի շուտ նման փորձ անողն ինքը կջնջվի-կանհետանա, քանզի. «...ասես բոլորի համար մեկ ընդհանուր համբերության բաժակը մի ակնթարթում լցվեց և դուրս հորդաց՝ վերածվելով ամեն ինչ ու բոլորին իր ճամփին ջնջող ժողովրդական ցասման հոսքի»...
Լիա Իվանյան
Գրող, հրապարակախոս
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա