Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-նոյեմբերին աճել է 5.7%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 105.7%։ 2017թ-ի նոյեմբեր ամսվա նկատմամբ ՏԱՑ-ը կազմել է 3.6%, իսկ նոյեմբերի ՏԱՑ-ը հոկտեմբերի նկատմամբ նվազել է 10.3%-ով:
Ըստ վիճակագրության՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-նոյեմբերին աճել է 4.14%-ով, իսկ 2017թ-ի նոյեմբերի համեմատ՝ 1.1%-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում էլ աճը կազմել է 2.4%, շինարարության ոլորտում՝ 5.5%:
Ըստ վիճակագրական կոմիտեի` առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9.2%-ով, ծառայությունների ծավալը նույնպես (առանց առևտրի) աճել է 18.4%-ով:
Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա այս տարվա 11 ամիսներին գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2.6%-ով:
Վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար-նոյեմբերին հանրապետությունում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8.1 տոկոսով:
Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, ապա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 19.1%-ով, ընդ որում` արտահանումն ավելացել է 9.8 %-ով, ներմուծումը՝ 24.2%-ով:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-նոյեմբերին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.9 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 4.6%-ով: