Այն, ինչ ոմանց համար բիզնես է, մեր ժողովրդի համար մահացու գործիք է. ԱԳՆ խոսնակ
«Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես մեր օրակարգում է, և այս մասին ԵԱՀԿ նախարարական վեհաժողովի ժամանակ վերջերս բարձրաձայնել է նաև արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը՝ նշեով, որ սպառնալիքների նվազեցման միջոցները պետք է առաջնային նշանակություն ունենան նաև ԵԱՀԿ մասնակից երկրների քաղաքականությունում»,-այսօր լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Նախարարը նշել է, որ զենքի վաճառքը և մատակարարումն ուղղակիորեն նպաստում են դրա կիրառմանը և սպառնալիքի կիրառման աճին, և մասնակից պետությունները պետք է այս առումով վերանայեն իրենց գործելաոճը։ Պետք է արձանագրել. այն, ինչ ոմանց համար բիզնես է, մեր ժողովրդի համար մահացու գործիք է, և ԱԳՆ-ը մշտապես իր օրակարգում է պահում տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի կանխարգելման օրակարգը»,- հավաստիացրեց նա՝ հավելելով, որ սպառազինությունների մրցավազքը հանգեցնում է անկայունության աճի, և այն պետք է կանխվի։
Աննա Նաղդալյանը, միաժամանակ, շեշտեց, որ հայկական կողմի այս հայտարարությունը երբևէ չպետք է շփոթել կարողությունների կամ վճռականության պակասի հետ, քանի որ ՀՀ զինված ուժերը ունեն բարձր պատաստվածություն և ռազմատեխնիկական հագեցվածություն՝ երաշխավորելու Հայաստանի և Արցախի անվտանգությունը։
Կրկին անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ փոխըմբռնման հասնելու հայտարարության մասին երեկ ԱԳՆ-ի տարածած պարզաբանմանը՝ բանախոսը շեշտեց՝ փոխըմբռնումը վերաբերում է այն բանին, որ հակամարտող կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները՝ պահպանեով դինամիկան։
Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտի մասին
Աննա Նաղդալյանի խոսքով, սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտը հայ-ռուսական օրակարգի մի մաս է կազմում, և այդ հարցի շուրջ համագործակցության երկխոսություն կա:
«Ինչ վերաբերում է կենսաբանական լաբորատորիաներին, պետք է պարզապես վերահաստատել, որ այդ լաբորատորիաները պատկանում են Հայաստանին, վերահսկվում են մեր կողմից, այդտեղ աշխատում են բացառապես հայ փորձագետներ: Դրանք ունեցել են և կունենան բացառապես քաղաքացիական բնույթ, և Հայաստանի պարագայում ռազմական ներկայության կարիք չկա»,- նշեց նա։
Խոսնակը նաև ընդգծեց, որ ՀՀ-ն որևէ բանակցություն չի վարում իր տարածքում 3-րդ երկրի զինծառայողների տեղակայման մասին:
ԱԳՆ կենտրոնական ապարատում փոփոխությունների մասին
Բանախոսը միաժամանակ հիշեցրեց, որ դեսպանների ռոտացիան մշտական բնույթ է կրում, բայց ԱԳՆ կենտրոնական ապարատում փոփոխությունների մասին ինքն անձամբ տեղեկատվություն չունի։
«Մեր դիվանագիտական ծառայությունը մշտապես փոփոխվող կառույց է, որտեղ կան ռոտացիաներ, մասնավորապես, խոսքը դեսպանների ռոտացիայի մասին է: Ինչ վերաբերում է ԱԳՆ կենտրոնական ապարատում փոփոխություններին, ես նման տեղեկատվություն չունեմ»,- նշեց Նաղդալյանը։
Ինչ վերաբերում է ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի` Վատիկանում ՀՀ դեսպան նշանակվելու մասին տեղեկությանը, Աննա Նաղդալյանը պատասխանեց. «Դեսպանների փոփոխումը՝ հետկանչը, նշանակումը, բնականոն բնույթ է կրում նախարարությունում: Դեսպանների նշանակման կարգը տեղի է ունենում ՀՀ սահամանադրության հիման վրա և դիվանագիտական ծառայության մասին օրենքի շրջանակներում: Մինչև գործընթացի ավարտը մենք դեսպանների մասին նշանակման վերաբերյալ որևէ մեկնաբանություն հրապարակային չենք տալիս»:
ԱԳՆ մամուլի խոսնակը միաժամաակ շեշտեց, որ Հայասստանն իր միջազգային հարաբերութունները կառուցում է սուվերեն իրավահավասարության սկզբունքի վրա, և որևէ երկրի հետ հարաբերությունները չեն կառուցվում մեկ այլ երկրի դեմ։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին
Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեմային՝ Աննա Նաղդալյանը նշեց, որ պետք է արձանագրել՝ այս պահի դրությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցին վերջնական լուծում չի տրվել:
«ՀԱՊԿ շրջանակներում մեր բոլոր գործողություններն ուղղված են եղել, որ առավել բարձրացնենք կառույցի արդյունավետությունը, և այդ ամբողջ գործընթացը պետք է ավելի համապարփակ դիտարկվի»,- նշեց նա:
Լլրագրողները հետաքրքրվեցին՝ առաջիկայում Ստանիսլավ Զասի այց Հայաստան նախատեսվո՞ւմ է, Ա. Նաղդալյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի այց Հայաստան չի ծրագրվում»:
Աննա Նաղդալյանը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններն ուղղված են մեր երկրի կարողությունների ամրապնդմանը, ավելի ուժեղ երկիր դառնալուն։
Հարակից հրապարակումներ`
- Ղրղզստանի նախագահը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին
- ԱԳՆ մամուլի խոսնակը՝ Միլանում ձեռք բերված փոխըմբռնման վերաբերյալ
- Լաբորատորիաները Հայաստանինն են և քաղաքացիական բնույթ են կրում. ԱԳՆ խոսնակ
- Կոպերկին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի՝ հօգուտ կազմակերպության ամրապնդման
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ. Արման Եղոյանը հակադարձում է Լուկաշենկոյին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան