Հայ պատվիրակները կմասնակցեն Եվրոպայի պատանեկան Օլիմպիական փառատոնին
2019 թ. փետրվարի 9-16-ը Բոսնիա Հերցեգովինայի Սարաևո քաղաքում կանցկացվի Եվրոպայի պատանեկան Օլիմպիական ձմեռային հերթական փառատոնը: Իրենց ունակությունները կդրսևորեն 50 երկրների 14-18 տարեկան 1500 մարզիկ-մարզուհիներ: Նրանց թվում կլինեն նաև Հայաստանի պատվիրակները:
Նախապատրաստական աշխատանքներին օգնելու, ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու, մարզագույքին, հանդերձանքին վերաբերող հարցերը քննարկելու և դրանց ճիշտ ու արագ լուծում տալու համար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով ստեղծվել է հատուկ շտաբ:
Հերթական հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին: Նիստը վարել է ՀԱՕԿ նախագահի խորհրդական Արմեն Գրիգորյանը: Աշխատանքների ընթացքի մասին հաշվետվությամբ հանդես են եկել մարզիչները: Նախապատրաստության ընթացքը լիովին համապատասխանում է նախապես կազմված ժամանակացույցին և ծրագրին: Անհանգստացնող հարցեր չկան, քանզի առկա են նպատակային մարզումներ անցկացնելու պայմանները:
Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն գեղասահորդուհի Մարինա Ասոյանը, լեռնադահուկորդներ Մայիս Եղիազարյանը և Ժիրայր Առաքելյանը, դահուկավազորդներ Աղասի Սաքանյանը և Աննա Ռաշոյանը: Պատվիրակության գլխավոր հանձնակատարն է դահուկային սպորտի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Փառատոնի բացումը տեղի կունենա Սարաևոյի «Կոշևո» մարզադաշտում` փետրվարի 10-ին, իսկ փակումը` փետրվարի 15-ին` «Սլավիա» ստադիոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան