Նա չկատարեց հրամանը ու զենքը վայր չդրեց
Արժեհամակարգային «Վերելք» միությունը նախաձեռնությամբ նկարահանվելու է կապիտան Գուրգեն Տեր- Մովսիսյանցին նվիրված փաստավավերագրական ֆիլմ։ Սցենարը պատրաստ է, հեղինակն է «Վերելք» հիմնադրամի նախագահ, գրող-հրապարակախոս Արծրուն Պեպանյանը։ Կապիտան Գուրգեն Տեր- Մովսիսյանցը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում մեծ ու ճակատագրական դերակատարում է ունեցել։
«Հերոս հայորդին ըմբոստացավ զենքը վայր դնելու որոշման դեմ ու իր խիզախությամբ զինվորներին ու ժողովրդին մարտի տարավ` իր կյանքը նվիրաբերելով հայրենիքին: Եվ ամենևին սխալված չենք լինի, եթե ասենք, որ եթե հայերը համաձայնեին հրամանատարության պահանջին ու զենքերը վայր դնելով՝ հանձնվեին թուրքերի հյուսիսային բանակի ողորմածությանը, ապա գուցե թե չլիներ այսօրվա Հայաստանը: Եվ այդտեղ անգնահատելի է կապիտան Գուրգեն Տեր- Մովսիսյանցի սխրանքը»,- գրել էր Արծրուն Պեպանյանը։
«Անկեղծ ասած ես զարմացած եմ։ Եթե ես պատահաբար մի գրքույկի մեջ չկարդայի նրա մասին, չէինք իմանա։ Երբ կարդացի շշմեցի, որ նման հերոս ենք ունեցել, որը մոռացության է մատնված։ Իմ պարտքը համարեցի լրացնել այդ բացը»,- Panorama.am-ին ասաց Արծրուն Պեպանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ որոշեց ֆիլմ նկարահանել հենց կապիտան Գուրգեն Տեր- Մովսիսյանցին նվիրված, ով գրեթե անհայտ է ի տարբերության 1918 թվականին գործունեության ծավալած այլ գործիչների։
Փաստավավերագրական ֆիլմի հիմքում լինելու են արխիվային նյութեր, նկարահանումներն իրականացվելու են Դիլիջանում, որտեղ կայացել էր սպաների խորհրդակցությունը և ներկայացվել Հայկական զորքերի հրամանատար, գեներալ Թովմաս Նազարբեկյանի կարգադրությունը՝ զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սևան ու թաղել Չիբուխլու գյուղի մոտ:
«Հենց այդ խորհրդակցությանը ներկա սպաներից մեկը՝ հրետանու կապիտան Մոսեսովը (Գուրգեն Տեր-Մովսիսյանցը), այդ պահին անմիջապես ոտքի է կանգնում և հայտարարում. «Ես չե՛մ հնազանդի այդ որոշման։ Դա դավաճանություն է։ Ո՛չ ոք իրավունք ունի այդպէս վարվելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատը՝ մեռնելու։ Ով տղամարդ է եւ հայու արյուն ունի իր երակներում՝ թո՛ղ իմ ետեւից գա»: Այս ասելով` կապիտան Մովսիսյանցը լքում է խորհրդակցության սրահը և իր հրետանավորներին պատրաստում Ղարաքիլիսա մեկնելու»,- կարդում ենք Ա. Պեպանյանի գրառումում:
«Մենք մեր պարտքն ենք ուզում կատարել այդ հերոսի հանդեպ։ Եթե ինքը չընդվզեր զինվորական խորհրդի որոշման դեմ, իր մարդկանցով չգնար կռիվ Ղարաքիլիսա, հայերը չէին կռվի թուրքերի դեմ, թուրքերը բանակով կիջնեին Սարդարապատ, հայերը չէին ունենա այդ հաղթանակը։ Ճակատագրական դերակատար էր։
Պատմաբաններից որևէ մեկը չի հերքում նրա դերակատարությունը»,- նշեց Ա. Պեպանյանը։
Նրա ենթականերից շտաբս-կապիտան Պետրոսյանցը, սցենարի հեղինակի խոսքով, բոլոր զեկուցագրերը, գրառումներ արել է, որոնք արխիվներում են, դրանք բոլորը ուսումնասիրել է։
Ա. Պեպանյանը ասաց, որ գեղարվեստական ֆիլմի սցենար էլ ունեն կապված Գուրգեն Տեր-Մովսիսյանցի հետ, եթե փաստավավերագրական ֆիլմը հաջողի ու հետաքրքրություն լինի, կփորձեն նաև այն նկարահանել։
Փաստավավերագրական ֆիլմի ֆինանսավորման հետ կապված չեն դիմել պետական մարմինների. «Մի քանի քաղաքացիներ փոքր աջակցություններ են արել։ Հիմնականում էնտուզիազմի միջոցով է լինելու»։