ԱԷԿ-ում սթրես-թեստերի իրականացման նպատակով ԵՄ-ն 6.5 մլն եվրո կհատկացնի
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ և ԵՄ միջև ստորագրված «Հայաստանում միջուկային անվտանգության խթանման և սթրես-թեստերի իրականացման առաջարկությունների մասին» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Նշենք, որ նախագիծն ընդգրկված էր կառավարության չզեկուցվող հարցերի մեջ:
Համաձայնագրով նախատեսված է բարելավել ՀՀ-ում միջուկային կայանքների անվտանգությունը, ինչպես նաև փոխանցել ԵՄ-ի աշխատանքային նոու-հաուն և փորձը վերջնական օգտագործողին։
Համաձայնագրով նախատեսված է աջակցություն տրամադրել Հայաստանի միջուկային ոլորտը կարգավորող մարմնին և միջուկային օպերատորին ՝ միջուկային անվտանգությունը խթանելու և, մասնավորապես, սթրես-թեստերի ավարտից հետո սահմանված անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքում օգնություն ցուցաբերելու համար։
Համաձայնագրով նախատեսվող ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ հիմնական ակտին՝ Միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության գործիքին համապատասխան։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 6.5 մլն եվրո:
Համաձայնագրի իրականացման ժամանակահատվածը կազմում է 96 ամիս: