Որդեգրման բնագավառում նոր դրույթներ են սահմանվել. Սուրեն Քրմոյան
«ՀՀ արդարադատության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների համատեղ ջանքերով Ընտանեկան օրենսգրքում կատարվել են մեծածավալ փոփոխություններ և լրացումներ, որոնք վերաբերում են երեխաների իրավունքների պաշտպանությանը»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը։
«Առաջինը, որ ուզում եմ նշել, Ընտանեկան օրենսգրքով սահմանվել է «երեխայի լավագույն շահ» հասկացությունը։ Օրենքում սահմանվել է դրույթ, որևի համաձայն տարաբնույթ մեկնաբանումների ժամանակ պետք է առաջնորդվել երեխայի լավագույն շահով։ Այնուհետև, ամրագրվել է երեխայի կարծիքն ազատ արտահայտելու իրավունքն ու երաշխիքները։ Ինչ վերաբերում է ծնողական իրավունքներից զրկելու դրույթին, ապա ամրագրվել է, որ եթե ծնողը մեկ տարի անընդմեջ չարամտորեն խուսափում է երեխայի դաստիարակությունն ու խնամքը կազմակերպելուց, կամ առանց հարգելի պատճառի երեխային չի վերցնում խնամքի կենտրոնից, սրանք ծնողական իրավունքներից զրկելու հիմք են»,- ասաց բանախոսը։
Սուրեն Քրմոյանն ընդգծեց, որ նոր դրույթներ են սահմանվել որդեգրման բնագավառում։ Մասնավորապես, մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներին որդեգրել կարող են միայն այն քաղաքացիները, որոնք ի վիճակի են իրականացնել այդ երեխայի խնամքը։
«Հաջորդ խնդիրը, որը սահմանվել է, որդեգրման գործերի քննությունն է։ Նախ, սահմանվել է, որ 14 տարին լրացած երեխայի ներկայությամբ է գործը քննվում։ Բացի այդ, որդեգրման գործընթացում սահմանվել է ծնողի և երեխայի տարիքային շեմի սահմանափակում, ըստ որի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս և 50 տարուց ոչ ավելի։ Սոցիալական մարմիններն այլևս պետք է պարտադիր վերահսկողություն իրականացնեն որդեգրված երեխաների նկատմամբ։ Ընդ որում, սահամնվել է նաև պատասխանատվություն, և եթե որդեգրողը խոչընդոտում է վերահսկիչ մարմիններին, վարչական պատասխանատվության է ենթարկվում՝ նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով»,-ասաց նախարարի տեղակալի պաշտոնակատարը։
Սուրեն Քրմոյանը նաև նշեց, որ այս տարի իրենք ունեցել են ալիմենտի բռնագանձման 893 վարույթ, ինչպես նաև 383 վարույթ՝ տեսակցության կազմակերպման մասով։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արսեն Մանուկյանն իր հերթին նկատեց՝ նախևառաջ պետք է կարողանալ ապահովել հատկապես դժվար կացության մեջ հայտնված երեխաների իրավունքները։
«Երկրորդ ուղղությունն այլընտրանքային ծառայությունների զարգացումն է։ Ներկայումս մենք ունենք ՊՈԱԿ-ներ՝ գիշերօթիկներ, մանկատներ, ցերեկային կենտրոններ և այլն, և մեր նպատակն է այլընտրանքային ցանց ստեղծել, այսինքն՝ ծառայությունների մատուցման գործընթացում ներգրավել նաև մասնավոր հատվածին և ՀԿ-ներին։ Խոսքը հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցության մասին է։ Մյուս ուղղությունը խնամատարության կամ երեխաների խնամքի այլընտրանքային տեսակի զարգացումն է։ Նախկինում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին մենք տեղավորել ենք մանկատներում, այնուհետ զբաղվել նրանց որդեգրման հարցերով։ Սակայն 2004 թվականից սկսած՝ ներդրվեց խնամատար ընտանիքների գաղափարը։
Մենք այս պահին ունենք 29 խնամատար ընտանիք և այնտեղ ապրող 39 երեխա։ Խնամատար ընտանիքներին երեխայի ծախսերը հոգալու համար ամսական հատկացվում է մոտ 140 հազար դրամ։ Իսկ ահա մանկատներում ապրում է 600 երեխա, մանկատներից 3-ը հատուկ կարիքներով երեխաների համար են։ Մենք ցանկանում ենք այդ կենտրոնները վերածել երեխաների զարգացման կենտրոննների։ Ընթացքի մեջ է Վանաձորի մանկատունը ցերեկային զարգացման կենտրոն վերակազմակերպելու հարցը։ Բյուրեղավանի գիշերօթիկի հարցը ևս քննարկվում է»,- ասաց բանախոսը՝ շեշտելով, որ երեխային միայն սնունդ և քնելու տեղ հատկացնելը դեռևս քիչ է, պետք է զբաղվել նաև նրա զարգացմամբ ու կրթությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում որդեգրման ենթակա երեխաների կեսից ավելին աղջիկներ են
- Կոռուպցիոն սխեմա կա երեխաների որդեգրման համակարգում. Թանդիլյան
- Օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման գործընթացում փոփոխություններ են հնարավոր
- Հայաստանից երեխա ավելի շատ որդեգրում են արտասահմանում ապրող օտարերկրացիները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան