Ազնիվ չէ այս ժամանակահատվածում ակնկալել կտրուկ, մեծածավալ փոփոխություններ. Արծվիկ Մինասյան
«Դժգույն տասնամյակից հետո, նահանջներից, կորուստներից հետո վերջին ամիսներին մարդկանց մոտ հույս առաջացավ, կարծում եմ, որ 2018 թվականը պատմության մեջ կմնա որպես հույսի վերազարթոնքի տարի»,- այս մասին այսօր «Տնտեսություն. ընթացիկ վիճակը և տնտեսական հեղափոխության հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Նրա խոսքվ՝ տնտեսության մեջ վերջին ամիսներին տեղի ունեցածն իր սպասածի շրջանակներում էր: Նա հիշեցրեց, որ դեռ երկու ամիս առաջ ասել էր՝ 5.5-6 տոկոս տնտեսական աճ ակնկալելն այս տարվա համար շատ լավ թիվ է, քանի որ տնտեսությունում որոշակի կառուցվածքային տեղաշարժեր են տեղի ունենում: «Այստեղ պետք է անկեղծ լինենք՝ պետք չէր ակնկալել, որ այս պայմաններում մեծ թռիչք, զարգացում տեղի կունենար թե տնտեսությունում, թե քաղաքական դաշտում»,- ասաց նա:
Բագրատ Ասատրյանն անդրադառնալով բացասական երևույթներին՝ նշելով, որ արտաքին առևտրի համամասնության էական փոփոխություն է տեղի ունեցել: Ըստ նրա՝ երկու տարի առաջ գրանցվել է առաջանցիկ արտահանման աճ, սակայն նախորդ և այս տարի աճը նվազել է, այս տարի ներմուծման տեմպերը գրեթե կրկնակի անգամ գերազանցել են արտահանման աճի տեմպերին: Նա մտահոգիչ համարեց նաև գյուղատնտեսության ոլորտում գրանցված անկումը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար, տնտեսագետ Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ մեր տնտեսությունը կրում է և շարունակում է կրել իներցիոն բնույթ, և սպասել, որ այս կարճ ժամանակում անմիջապես մեծ փոփոխություններ կլինեն, ճիշտ և ազնիվ չէ: «Ազնիվ չէ այս ժամանակահատվածում ակնկալել կտրուկ, մեծածավալ փոփոխություններ: Այլ բան է, թե արդյոք այս ժամանակահատվածն օգտագործվել է ստեղծելու այնպիսի հիմքեր և ուղղություններ, որոնք կբերեն երկրի տնտեսության կտրուկ վերափոխման»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ցուցանիշներին, ապա, ըստ Արծվիկ Մինասյանի, այս պահին ցուցանիշներով առաջնորդվելը ճիշտ մոտեցում չէ, քանի որ այս փոփոխությունները կարող էին նաև ցնցումներ առաջացնել տնտեսության մեջ: «Այդ ցուցանիշները ֆորմալ բնույթ են կրում, և 5,7% տնտեսական ակտիվության ցուցանիշն այս պահին դեռ ոչինչ չի նշանակում: Մենք շատ ավելի խորքային խնդիրներ ունենք, որոնք կապված են տնտեսության կառուցվածքային վերանայումների հետ»,- նշեց տնտեսագետը:
Նրա խոսքով՝ տնտեսության քաղաքականությունը պետք է վերանայվի, իսկ երկրի տնտեսական միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման առումով չափազանց կարևոր են երեք հիմնական ուղղությունները` տեխնոլոգիաներ, մասնագիտացում և ֆինանսական ռեսուրսներ:
«Այս երեք ուղղությամբ է, որ ցանկացած կառավարություն պետք է քայլեր իրականացնի: Ցավոք, մենք դեռևս այս երեք ուղղություններով էլ կաղում ենք, մեր աշխատաշուկայի և տնտեսության կապը մնում է շատ ցածր, եթե չասենք` զրոյական: Տնտեսության մեջ տեխնոլոգիական նորամուծությունների առումով ունենք փոքր ձեռքբերումներ, բայց այն մասշտաբայնություն չունի, իսկ ինչ վերաբերում է ֆինանսական ռեսուրսների ապահովվածությանը երկրի ներսում, այս մասով էլ, ցավոք, նույնպես դեռևս չենք կարող խոսել ներդրումային մեծ հոսքերի մասին, չնայած ժողովրդական շարժմանն անմիջապես հաջորդեցին ներդրումներ անելու ցանկություն հայտնողների հեռախոսազանգեր: Վարչապետն էլ հստակ հայտարարություններով բազմիցս բացառեց մենաշնորհներն ու կոռուպցիան, հովանավորչությունը, բայց քանի դեռ դա չի վերածվել ինստիտուցիոնալ համակարգի, ակնկալել, որ մեծ ներդրումներ կլինեն երկրում, առնվազն միամտություն է»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ ինստիտուցիոնալ բարեփոխումը նախևառաջ նշանակում է ներդրումային օրենսդրության ամբողջական ընդունում և դրա գործադրում, պետություն-մասնավոր նոր համագործակցության օրենսդրության ձևավորում, հարկային օրենսդրության վերանայում, գործարար շահերի պաշտպանության խնդիրներով զբաղվող առանձին կառույցների ձևավորում:
«Դրանք մի կողմից կնպաստեն, որպեսզի չծանրաբեռնվեն մեր` դեռևս ոչ արդյունավետ դատական համակարգը, մյուս կողմից` վստահություն կներշնչեն օտարերկրյա և տեղական ներդրողներին, որ, անկախ նրանից, թե ով է վարչապետը, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարը, իրենց ներդրումները պաշտպանված կլինեն»,- նշեց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ ներդրումային քաղաքականության առումով կարևորվում է սուվերեն ներդրումային ֆոնդի անհրաժեշտությունը:
Ինչ վերաբերում է ֆինանսական հատվածին, Արծվիկ Մինասյանն ասաց, որ ֆինանսական շուկան ևս ենթակա է ամբողջական վերանայման. «Բանկային համակարգը օրգանական կապ չունի մեր տնտեսության հետ` զարգացնելու տեսակետից: Այստեղ լուրջ փոփոխությունների կարիք կա»:
Նա նաև նշեց, որ տնտեսական զարգացում, տնտեսական առաջընթաց, առանց շրջակա միջավայրի պահպանության, անհնար է: Սակայն, ըստ նրա, այսօր մի ծայրահեղությունից հայտնվել ենք մեկ այլ ծայրահեղությունում. «Եթե նախկինում բնական ռեսուրսներն, ընդերքն անխնա շահագործվում էր, հիմա եկել ենք մեկ այլ ծայրահեղության՝ ասելով, որ ոչնչի ձեռք չտանք: Այս երկու ծայրահեղություններն էլ տնտեսության զարգացման համար սխալ մոտեցումներ են: Միանշանակ է, որ բնությունը, ընդերքը պետք է օգտագործվի, բայց՝ իր չափով ու կանոններին համապատասխան, այլ ոչ թե գերշահագործում լինի»:
Անդադառնալով քաղաքական փոփոխություններին՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ ինքն այն մարդկանցից չէ՝ անցալի ամեն ինչը սևացնի, ամեն ինչ սև ակնոցներով ներկայացնի: «Եղել են թե ձեռքբերումներ, թե խոշոր բացթողումներ, այդ թվում՝ պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը, այլ սխալ գործընթացներ: Հուսամ, որ նոր ձևավորվող ԱԺ-ի գոնե 15%-ը կկարողանա արդյունավետ աշխատել, որպեսզի կարողանանք այս մարտահրավերները, որ մեր առջև ծառացած են, լուծել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան