The Guardian․ Ալիևի դուստրերը կասկածվում են Բրիտանիայում փողերի լվացման մեջ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերը ներգրավված են եղել գործունեության մեջ, որը փողերի լվացման մեծ ռիսկեր է պարունակել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Լեյլա և Արզու Ալիևաները համաձայնել են Լոնդոնում գնել 60մլն ֆունտ ստեռլինգ (75մլն դոլար) արժեցող էլիտար սեփականություն՝ օգտվելով գաղտնի օֆշորային ընկերություն։
Ըստ Guardian-ի, Ալիևի դուստրերը ցանկացել են ձեռք բերել Լոնդոնի Նայթսբրիջ արվարձանում գտնվող 2 բնակարանները՝ 59,5մլն ֆունտ ստեռլինգով՝ այն 1 բնակարանի վերածելու նպատակով, որը գտնվում էր Բուքինգհեմյան պալատի մոտակայքում։ Գործարքը 2015թ․-ին նախատեսում էր համալրել Իլհամ Ալիևի՝ Բրիտանիայում ունեցած բազմամիլիոն սեփականությունների շարքը։
Գնումը նախաձեռնել է Լեյլա Ալիևան այն ժամանակ, երբ նա բաժանվում էր ամուսնուց՝ ադրբեջանցի գործարար ու փոփ-աստղ Էմին Ագալարովից։ Բնակարանների ձեռբերման համար նախատեսվում էր օգտագործել օֆշորային ընկերությունը, որը բրիտանական Child & Child ընկերության իրավաբան Խալիդ Շարիֆը գնել էր պանամական Mossack Fonseca ընկերությունից։
Այս մանրամասները հայտնվել են Բրիտանիայի կարգապահական տրիբունալում, որտեղ Խալիդը խոստովանել է, որ չի կատարել փողերի լվացման ստուգում և խախտել է մասնագիտական վարքագծի կանոնները։ Տրիբունալը նրան տուգանել է ընդհանուր 85 հազար ֆունտ ստեռլինգով։
Նշվում է, որ իրավաբանը Բրիտանիայում առաջին պրոֆեսիոնալն է, որը պատժվում է 2016թ․-ի ապրիլին Guardian-ի և այլ ԶԼՄ-ների կողմից Պանամական թղթերի հրապարակումից հետո։
Գործով նշվում է, որ պայմանագրերի փոխանակումից հետո Ալիևա քույրերը սկսել են վճարումներ կատարել՝ փոխանցելով ավելի քան 10մլն ֆունտ ստեռլիգ։ Սակայն գործարքը չեղարկվել է 2016թ․-ին, երբ Պանամական թղթերով Ալիևների ընտանիքը կասկածվում էր մեծ մասշտաբներով փողերի լվացման մեջ։