Պետական կառավարման համակարգի օպտիմալացումը չի կարող ինքնանպատակ լինել. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախարարությունների օպտիմալացմանը:
«1. ԿԳՆ-ն տեղից մեծ նախարարություն է, ահռելի ծանրաբեռնվածությամբ, անհամար գործառույթներով, օրուգիշեր աշխատելու դեպքում հազիվ-հազ իր գործերը հասցնող: Որևէ նոր բեռ չի ձգի, անկախ անձերից:
2. Մշակույթի նախարարություն ունեն բոլոր այն երկրները, որոնց համար ազգային ինքնության պահպանման հարցը կարևոր է, որոնք ունեն մշակութային ահռելի ժառանգություն, կամ որոնց համար, պատմության բերումով, մշակույթը նաև քաղաքական իմաստ ունի: Որևէ մեկի մտքով Հունաստանում, Իտալիայում կամ Սերբիայում չի անցնի փակել մշակնախը: Հայ-ադրբեջանական դիմակայության մեջ այս տարվա մեծագույն հարվածը մենք իրականում ստացել ենք UNESCO-ում, որտեղ մերոնց անգործության և դիլետանտիզմի պատճառով ադրբեջանցիները կարողացան գրանցել իրենց քոչարիանման պարը, այն էլ՝ երբ անցյալ տարի մեր ջանքերով քոչարին արդեն գրանցաված էր ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում որպես հայկական երևույթ: Այս պատմության ամենավտանգավոր պահ նա է, որ ադրբեջանցիները այդ պարը գրանցել են, ուշադրություն, որպես Նախիջևանի տարածաշրջանային պար: Հասկանու՞մ եք, ինչ է կատարվել:
3. ժամանակին Սփյուռքի նախարարություն ստեղծելը երկու հիմնական նպատակ ուներ՝ 1. ԱԳՆ-ն չէր կարողանում համարժեք լինել Սփյուռքի ներուժը ամբողջությամբ օգտագործելու հրամայականին; 2. դա նաև լրջագույն ուղերձ էր արտաքին քաղաքականության մեջ, հատկապես հաշվի առնելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մարտահրավերները: Պատահական չէր, որ Ադրբեջանը մեզանից հետո նույնպես փորձում է ինստիտուցիոնալիզացնել իր աշխատանքը այդ ոլորտում: Ակնհայտ է, որ մեր այսօրվա ԱԳՆ-ն չի կարողանալու լիարժեք լուծել առկա խնդիրները:
4. Պետական կառավարման համակարգի օպտիմալացումը չի կարող ինքնանպատակ լինել: Այսօրվա իշխանությունների կողմից աջուձախ իրականացվող, կասկածելի հիմնավորմամբ և արդյունավետությամբ ճոխ ծախսերի ֆոնի վրա հազարավոր մարդկանց հասցվող այս սոցիալական հարվածը որևէ աղերս չունի հայտարարված նպատակների հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Սփյուռքի նախարարության աշխատակիցները՝ արտագաղթի մտքերով
- Մշակույթի նախարարության աշխատակիցները գործադուլ են անում
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան