Ճապոնիան օգնում է Եգիպտոսին Թութանհամոնի ժառանգության հարցում
Կահիրեում կառուցվում է Մեծ Եգիպտական թանգարան: Խոսքը գնում է եզակի ցուցասրահի մասին, 50 հազար քառակուսի մետր տարածքում ներկայացվելու է 100 հազար ցուցանմուշ։ Թանգարանը բացվելու է 2020 թվականին։ Եվրանյուզը գրում է, որ այցելուները կարող են տեսնել Թութանհամոն փարավոնի (Մ.թ.ա. մոտ 1332-1323 թթ) դամբարանի գանձերի ամբողջ հավաքածուն, որը հայտնաբերվել է 1922 թվականին։
Եգիպտոսի թանգարանի կառուցման գործում օգնում է Միջազգային համագործակցության ճապոնական գործակալությունը։ Ճապոնացի մասնագետները միացել են ծրագրին 2008 թվականին։
Ճապոնական գործակալությունը համագործակցությունը դիտարկում է ոչ միայն պատմա-մշակութային կարևոր նշանակությամբ, այլ նաև որպես հեռանկարային տնտեսական ուղղություն։ Նրանց գնահատականներով, Աֆրիկայում մեծագույն թանգարանի բացումը՝ նվիրված մեկ քաղաքակրթությանը, զբոսաշրջիկների մեծ հոսք կապահովի Եգիպտոս։