Մշնախի ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Սարգսյան. «Բայց ոչ երբեք այն ձևով»
Կառավարության կառուցվածքային փոփոխություններն այսօր ոտքի էին հանել մշակույթի նախարարության աշխատակիցներին, ովքեր դեմ են, որ կառույցը վերացվի, տարբեր նախարարությունների վարչությունների վերածվի։ Արվեստագետները նույնպես չեն ողջունում այդ որոշումը, նշում են, որ մշակույթը երկրի կարևորագույն ոլորտներից է, կառույցը պետք է փոխեին խորքից, այլ ոչ թե վերացնեին։
Panorama.am-ը դիմեց Մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Սարգսյանին մի քանի հարցով.
Առհասարակ՝ ի՞նչ է նա մտածում մշակույթի նախարարությունն ուրիշ նախարարություններին միացնելու մասին,
Այնպիսին, ինչպիսին հիմա է նախարարությունը՝ ընդհանրապես պետք չէ, բայց մի՞թե չպիտի լիներ կառույց, որ կմշակեր երկրի մշակույթի զարգացման, պահպանման քաղաքականությունը։
«Ես առայժմ չեմ կողմնորոշվում այդ օպտիմիզացիայի իրոք օպտիմալ լինելու հարցում։ Չեմ կարողանում հասկանալ դրա պլյուսներն ու մինուսները։ Իհարկե, շատ մտահոգիչ է, շատ-շատ։ Գտնում եմ, իրոք, մշակույթի նախարարությունն առանձնահատուկ կառույց է, շատ կարևոր է այն պահելն ու զարգացնելը, ավելի արդյունավետ դարձնելը նրա աշխատանքը, բայց երբեք ոչ լուծարելը, վերածելը երկու վարչության մեկ այլ նախարարության կազմում»,- ասաց նա։
Լ. Սարգսյանը նշեց, որ մշակույթի նախարարության վերաբերյալ շատ առանձնահատուկ կարծիք ունի. «Այն ձևով, ինչպեսին որ կա մշակույթի նախարարությունը, կարծում էի, որ հեղափոխությունից հետո հիմնովին, արմատապես կվերափոխվի, իր գործունեության տեսակը կփոխվի։ Այն պետք է աշխատի որպես բարեգործական հիմնադրամ, ոչ թե որպես կառավարիչ, որը պետք է ծրագրեր հղանա, օգտագործի իշխանական, վարչական ռեսուրսն իր պռոեկտներն իրականացնելու համար, թեպետ ինչ պռոեկտներ արել են, շատ լավն է։ Դա տեղի չունեցավ։
Ես սպասում էի ներքին ինչ-որ փոփոխություններ, բարեփոխումներ, բայց երբեք ոչ այն օպտիմիզացիան, ինչպես որ հիմա են անում»։
ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով, մշակույթի նախարարությունը պետք է ծառայի մշակույթին, արվեստագետներին, բայց երբեք ոչ կառավարի արվեստը կամ մշակույթը, պետք է լինի պահապանի, սատարողի դերում, ոչ թե քաղաքականություն թելադրող։
«Հեղափոխությունից հետո այնքան քիչ ժամանակ է անցել, որպեսզի հեղափոխական փոփոխություններ ակնկալեինք, բայց, այնուամենայնիվ, կարծում էի, որ պետք է դրանք լինեին։ Արտաքին, կոսմետիկ փոփոխություններ չէ։ Ինչ խոսք, կոռուպցիան և այլն և այլն, այդ ամեն-ինչը վերացավ, միանշանակ դա լավ է, այդ մաքրումից հետո պետք է մտածել ինչպես անել, որ ավելի ճիշտ և արդյունավետ գործի այդ կառույցը։ Միգուցե ուռճացված է, միգուցե ներքին օպտիմիզացիաների կարիք կա, բայց ոչ երբեք այն ձևով, ինչպես որ հիմա որոշվել է։ Այդ աստիճանի չէր կարելի փոքրացնել, կրճատել, ստորադասել մշակույթը սպորտին, կրթությանն ու գիտությանը։ Հակառակը, եթե գիտականորեն մոտենաք հարցին, մշակույթի մեջ է մտնում և սպորտը, և գիտությունը, և կրթությունը։ Մշակույթն այն լայն դաշտն է, որի մեջ մտնում է ամեն ինչ։ Մշակույթը պետք է առաջնայինը լինի, ոչ թե ստորադասվի որևէ այլ ոլորտի»,- ասաց Լիլիթ Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մշակույթի նախարարության աշխատակիցները գործադուլ են անում
- Սովորեցնում ենք երեխաներին՝ ինչպես զոհվել հանուն հայրենիքի, չենք սովորեցնում՝ ինչպես ապրել հանուն հայրենիքի. Ռ. Բաբայան
- Մշակույթը նույնքան կարևոր է, ինչքան այսօր բանակը մեզ համար. Չարխչյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին