Տրանսպորտի բյուջեի նվազումը տեղի է ունեցել բացառապես մետրոպոլիտենի վարկային ծրագրի ավարտի հաշվին. Սարգսյան
Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի կարծիքով՝ քաղաքապետարանի 2019 թ. բյուջեն ընդդիմադիրների կողմից ներկայացվում է կցկտուր և ոչ ճիշտ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա այսպիսի տեսակետ հայտնեց։
Լրագրողները փոխքաղաքապետից հետաքրքրվեցին պարգևավճարներից, վերելակների ֆոնդից, տրանսպորտի ոլորտի հատկացումներից։
«Պարգևավճարների ավելացման նպատակն աշխատակիցների մոտիվացիան բարձրացնելն է, ինչպես որ ամբողջ աշխարհում է։ Պարգևավճարների նպատակը մեր այսօրվա ցածր աշխատավարձերի սանդղակը որևէ կերպ ճշգրտել և բարձրացնելն է: Ինչու չենք անում աշխատավարձի ձևով, որովհետև դա օրենսդրական նորմատիվային գործընթաց է: Բացի այդ՝ պարգևատրման ֆոնդն ավելի ճկուն է»:
Ինչ վերաբերում է վերելակների ֆոնդի կրճատմանը վերաբերող մտահոգությանը՝ նա ասաց, որ կրճատվել է ոչ թե դրանց պահպանման և շահագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և նյութերի հաշվին, այլ կրճատվել են, քանի որ իրենք կարծում են, որ նույն աշխատանքի ծավալը և նյութերը կարելի է ապահովել ավելի քիչ միջոցներով:
«Պահպանման ու շահագործման աշխատանքները, պարզ է, որ շատ ավելի էժան կարելի էր ձեռք բերել, քան արվել է: Վերելակային ֆոնդի կրճատման արդյունքում աշխատանքների և շահագործման ծավալ չի փոխվել ու չի փոխվելու»,- ասաց նա:
Սարգսյանի խոսքով՝ տրանսպորտի բյուջեի նվազումը տեղի է ունեցել բացառապես մետրոպոլիտենի վարկային ծրագրի ավարտի հաշվին, որը պատվիրակված լիազորություններով իրենց փոխանցվում է պետական բյուջեից։
«Տրանսպորտի ոլորտի բարելավման համար այսօր մեծ խմբով աշխատանք է տարվում։ Ծրագիրն ավարտական փուլում է, սակայն որոշ դրույթների հետ մենք այդքան էլ համամիտ չենք, դրա համար էլ բանակցում ենք ծրագիրն իրականացնող ընկերության հետ։ Խոսքը մինչև մեր պատասխանատվությունը ստանձնելու գոյություն ունեցող ծրագրի մասին է։
Այնտեղ կան վերանայումների անհրաժեշտություն՝ կապված ուղևորահոսքի գնահատված ծավալի հետ, ուղևորատոմսի սակագնի հաշվարկի հետ և այլն: Այս փուլում ծրագրի մշակման աշխատանքը դեռևս ավարտված չէ, և մենք չենք ստորագրում ծրագրի ընդունումը, քանի դեռ մեր նախանշած պայմանները մեզ չեն հրամցվել պարզ և մատչելի»,- ասաց փոխքաղաքապետը:
Հարակից հրապարակումներ`
- Ավագանու անդամը խնդրում է բացել տոնածառի գնման ֆինանսավորման աղբյուրը
- Անի Սամսոնյան. Եկել եմ ձեզ մի քիչ շեղեմ տոնածառի հանդեսից
- Երևանի բյուջեի եկամտային և ծախսային մասերում նախատեսվում է փոփոխություն
- Բյուջեով քաղաքի աշխատանքների ծավալը չի նվազել. քաղաքապետի տեղակալի պարզաբանումները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին