Տղուս հարսանիքն էլ սև արեցին, մինչև վերջ գնալու եմ. կալանքի տակ գտնվող տաքսու վարորդի հայր
«Իրավական դաշտում պայքարելու տեղ չենք տեսնում, մեր բոլոր միջնորդությունները մերժվում են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիում ռուս կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու առթիվ կալանքի տակ գտնվող Հրաչյա Շահնազարյանի փաստաբան Էդգար Թումասյանը՝ իշխանություններին և անձամբ վարչապետի պաշտոնակատարին կոչ անելով նպաստել արդարության վերականգնմանը, իրավապահ մարմիններին օբյեկտիվ գործելու հրահանգ տալ։
Նա նշեց, որ իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում մինչ այսօր դրված են բացառապես տուժողի հայտարարությունները, որևէ այլ ապացույց չկա։ Էդգար Թումասյանը նաև տեղեկացրեց, որ այս ընթացքում մի քանի անգամ դիմել է դատարան՝ իր պաշտպանյալին գրավով ազատ արձակելու միջնորդությամբ, սակայն՝ ապարդյուն։ Խափանման միջոցը չփոխելը պատճառաբանվել է այն բանով, որ նա ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի ընթացքին։Փաստաբանը նկատեց, որ մինչ օրս էլ վիճարկում են կալանքի օրինականությունը, դիմել են Վճռաբեկ դատարան և սպասում են դատարանի որոշմանը։
«Ես բազմիցս զրուցել եմ իմ պաշտպանյալի հետ։ Տրամադրել ենք մատնահետքերի և արյան նմուշ, մնացել է ստանալ դատագենետիկական փորձաքննության արդյունքները, որի համար տրամադրվել է պաշտպանյալի հագուստը և այն բաժակը, որով պաշտպանյալս ջուր է բերել կնոջը։ Մենք վստահ ենք, որ այս փորձաքննության արդյուքնում որևէ համընկնում չի լինելու»,- ասաց նա։
Թե ինչ դրդապատճառներով է ռուս կինը սուտ մատնություն ներկայացրել, փաստաբանը նշեց, որ իրենք առաջ են քաշել հետևյալ վարկածը։ Իրենց հայտնի ստույգ տվյալներով, վերջինս ամուսնուց գաղտնի հարաբերություններ է ունեցել մի քանի տղամարդու հետ, և հնարավոր է՝ իր իրական սիրեկանին կամ սիրեկաններին չբացահայտելու համար մեղքը բարդել է Հրաչյա Շահնազարյանի վրա։
Հրաչյա Շահնազարյանի հայրը՝ Վահիկ Շահնազարյանն էլ նշեց, որ իրավապահները որդուն փորձել են համոզել իր վրա վերցնել մեղքը, ասել են՝ ներողություն կխնդրես, ու կգնաս։
«Որ ասում են իրավիճակ է փոխվել, Գյումրիում չի փոխվել, իրար զանգելով է ամեն ինչ։ Ես մինչև վերջ գնալու եմ, բոլորը պետք է պատասխան տան։ Իմ տղան մեկ ամիս է Արթիկում նստած է, նա մեր տան միակ աշխաողն էր, տաքսի էր քշում։ Տղուս հարսանիքն էլ սև արեցին, դեկտեմբերի 8-ին հարսանիքն էր, ինքը՝ կալանավայրում»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ սույն տարվա հոկտեմբերի 29-ին Ոստիկանության Մուշի բաժին էր դիմել ՌԴ քաղաքացի՝ Գյումրի քաղաքի բնակիչ Ե. Դ.-ն, ով հայտնել էր, որ առավոտյան ժամը 08։30-ի սահմաններում, երբ ինքը տանը մենակ է եղել, դուռը թակել են։ Նա դուռը բացել է և առանց նայելու, թե ով է, մտել է բաղնիք, որից հետո հետևից ներս է մտել իրեն անծանոթ մի երիտասարդ, ով դանակը պահել է իր վրա, սպառնացել, որ ձայն չհանի, հակառակ դեպքում կվնասի։ Երբ փորձել է աղմկել, անծանոթը փակել է բերանը և գլուխը հարվածել պատին, իսկ հետո ստիպողաբար տարել է ննջասենյակ և փորձել բռնաբարել։ Դրանից հետո ինքը վատացել է, ու երբ երիտասարդը ջուր բերելու համար մտել է խոհանոց, ինքը կարողացել է տանից փախչել։