Դինքի գործով վկա
Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստն է կայացել Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում։ Կալանքի տակ գտնվող 5 մեղադրյալներ դատական նիստին մասնակցել են օնլայն կապի միջոցով։ Ներկա են եղել նաև 12 վկաներ ու կողմերի փաստաբանները։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Նիստին որպես վկա հարցաքննվել են հանցանքի պահին Ռիզեի նահանգային անվտանգության վարչության ղեկավար, 2003-2006թթ․ Ստամբուլի նահանգային անվտանգության վարչության հետախուզական բաժնի պետի տեղակալ Շահմազ Դեմիրթաշը, ինչպես նաև՝ Ստամբուլի անվտանգության վարչության՝ ահաբեկչության դեմ պայքարի բաժնի նախկին պետ Սելիմ Քութքանը։
Քութքանի խոսքով՝ Դինքի դեմ հարձակման տեսագրության տարածումից ժամեր անց իրենք Տրապիզոնից ստացված տեղեկատվության հիման վրա սկսել են փնտրել Օգյուն Սամասթին։ Երեկոյան վերջինիս հայտնաբերել են Սամսունի ավտոկայանում։
«Մենք անմիջապես հավաքեցինք տարածքում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները։ «Akbank»-ի տեսագրությունները հաջորդ օրը ստացվեցին։ Ընտանիքին և փաստաբաններին էլ ցույց տվեցինք այդ դրանք։ Դրանցում որևէ պակաս մաս չկար։ Սակայն դեպքին նախորդող ժամանակահատվածի վերաբերյալ «Akbank»-ի տեսագրությունները ինչ-որ մարդիկ արդեն վերցրել էին։ Դրանք մեր մարդիկ չէին։ Ավելի ուշ դատախազից տեղեկացա, որ հետաքննության գործում առկա որոշ նյութեր անհետացել են։ Դա նորմալ չէր։ Հետախուզության բաժնի աշխատակիցները նման բան չէին կարող անել», -պատմել է վկան։
Քութքանը հավելել է, որ գործից անհետացած նյութերն ու տեսագրությունները վերցրած անձանց ինքնությունը այդպես էլ չի պարզվել, թեև դա պետք է բացահայտվեր։
Իսկ Տրապիզոնի ժանդարմերիայի հասարակական անվտանգության բաժանմունքի ղեկավար, մայոր Ալի Օղուզ Չաղլարը կրկնել է ավելի վաղ իր տված ցուցմունքը։ Նա նշել է, որ Տրապիզոնի նահանգային ժանդարմերիայի հետախուզության բաժանմունքի պետ Մեթին Յըլմազը ամենօրյա ճեպազրույցներից մեկի ժամանակ զեկուցել էր ժանդարմերիայի հրամանատար, գնդապետ Ալի Օզին, որ Դինքի դեմ մահափորձ է ծրագրվում։ Վերջինս հարցրել է․ «Որևէ այլ զեկուցելու թեմա կա՞»։ Եվ այլևս չի անդրադարձել Դինքի թեմային։
Ավելի ուշ՝ 2013թ․ Ալի Օղուզ Չաղլարը դատախազությունում ցուցմունք է տվել իրեն հայտնի այս փաստերի մասին։ Ալի Օզը հայտարարել է, որ այդ մասին ավելի ուշ կխոսեն։ Իսկ երբ Չաղլարը նշել է, որ հետաքննություն հարուցվելու դեպքում ինքը համապատասխան ցուցմունք կտա, ժանդարմերիայի հրամանատարը այլևս հաջորդ ճեպազրույցներին նրան չի ընդգրկել։
Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն ավելի քան 11 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:
Հարակից հրապարակումներ`
- «Ռընոդո» մրցանակ՝ Հրանտ Դինքի մասին պատմող գրքի համար
- Ստամբուլում փողոցներից մեկն այսուհետ Հրանտ Դինքի անունն է կրում
- Նոր մանրամասներ են պարզվել Դինքի գործով ցմահ ազատազրկված Յասին Հայալի մասին
- Դինքի սպանությունից հետո թուրք դերասանուհին ներողություն է խնդրել իր ամերիկահայ ծանոթից
- Դինքի գործով երկու կասկածյալներ ազատ են արձակվել
- Դինքի սպանությունից հետո Թուրքիան ազատ խոսքի նկատմամբ առավել անհանդուրժող է դարձել. թուրքագետ
- Դինքի սպանության գործով 86 կասկածյալներից 30-ը կալանքի տակ են գտնվում
- Թուրքիայում Հրանտ Դինքին գնդակահարածի անունով «Սամասթ» բրենդ է գրանցվել. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան