«Ակցիան ժամը 16։30-ին ավարտվում է, և բոլորը պետք է ցրվեն» (Լրացված)
Քիչ առաջ Երևան-Արմավիր ավտոճանապարհը փակած քաղաքացիների հետ հանդիպման եկավ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Հավաքվածները քաղաքապետին ասացին, որ դատավորը նախ պետք է իրենց պատասխան տա՝ ինչու է Մանվել Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու որոշում կայացրել։
«Մենք մեր քաղաքացիական անհնազանդությունն ենք արտահայտելու այնքան ժամանակ, քանի դեռ օրենքը չի գիտակցել, որ 25 միլիոնի դիմաց բաց չեն թողնում հանրության համար վտանգ ներկայացնող մարդուն։ Դա օրենքի տառին դեմ է»,- ասաց ճանապարհը փակած քաղաքացիներից մեկը։
Դիանա Գասպարյանն իր հերթին նշեց, որ էջմիածինցիների բողոքի ձայնը հասել է կառավարությանը։
«Նախ, երբ Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց,ես տեղեկություն ունեի, որ նա Էջմիածին չի մտնելու։ Այսինքն՝ այսպես թե այնպես, շրջանցիկ ճանապարհով նրան ուղեկցել են իր ամառանոց։ Հիմա ես վերահաստատում եմ, որ ամեն դեպքում քաղաքացիների կողքին եմ՝ ինչ որոշում էլ իրենք կայացնեն, բայց ուզում եմ հասկանալ՝ բողոքի հասցեատերն ով է։ Ասացիք, որ ուզում եք՝ դատավորը գա, պատասխան տա։ Միգուցե ճիշտ է այս ամենը քաղաքից տեղափոխե՞լ։ Միգուցե մե՞նք գնանք։ Ես ձեր վրդովմունքը հասկանում եմ, գիտեմ էջմիածինցիների վերաբերմունքը Մանվել Գրիգորյանի նկատմամբ։
Միաժամանակ, ուզում եմ հավաստիացնել, որ Մանվել Գրիգորյանն այսօր Էջմիածնում գործոն չէ, նա որևէ բանով չի տարբերվում մյուս էջմիածինցիներից՝ իր ազդեցության մակարդակով և լծակներով»,- ներկաներին հավաստիացրեց քաղաքապետը։
Նրանցից մեկը պատասխանեց, որ երկուշաբթի անպայման գնալու են Արդարադատության նախարարություն՝ բողոքի ակցիան այնտեղ շարունակելու։
«Պահանջում ենք Մանվել Գրիգորյանին կոչումից զրկել, նա ազատության մեջ չպետք է լինի։ Ժողովուրդն ինքնաբուխ իր դիրքորոշումն է հայտնում, պետության համար ամենակարևորն իրավապահանջ քաղաքացին է։ Մենք ճնշում ենք գործադրելու արդարադատության վրա, որպեսզի նա ճիշտ աշխատի»,- ասաց քաղաքացին։
Դիանա Գասպարյանը ակցիա իրականացնողներից հետաքրրքվեց ՝ արդյոք մտադիր են ամբողջ օ՞րը փակ պահել Էջմիածնի մուտքը, ինչին ի պատասխան՝ քաղաքացիները բացասական պատասխան հնչեցրեցին՝ նշելով, որ ճանապարհը փակ են պահելու մի որոշ ժամանակահատված։
13.06
Ցուցարարների հետ փողոցում գտնվող նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր հերթին նշեց՝ ժողովուրդը ցանկանում է, որ Մանվել Գրիգորյանն իր կատարած արարքների համար դատապարտվի։ «Հանրությունը նրան մերժում է և ցանկանում է այդ մարդուն դուրս շպրտել քաղաքից։ Ես միշտ ասել եմ՝ նա սատկած դև է, լեշ է։ Հիմա ավելի լավ ա՝ Մանվելը էթա, մի հատ բահ վեկալի, փոս փորի ու թաղվի, ավելի շուտ կներվի, եթե ինքն ինքնասպանություն գործի, քան թե ժողովուրդն այսօր նրան մերժում ա։ Այո, կոչ եմ անում, շատ լավ կլինի, որ ինքնահրկիզվի, և մարդիկ գնան, զբաղվեն իրենց Նոր տարով: Ժողովրդի դատաստանն ավելի մեծ է, քան ինչ-որ դատավորի կայացրած որոշումը։ Դատարանները չեն արտահայտում ժողովրդի կարծիքը, ժողովուրդը համաձայն չէ դատարանի կայացրած որոշմանը։ Բանտերում հազարավոր մարդիկ են գտնվում, որ հիվանդ են, թող դռները բացեն և բոլորին բաց թողնեն։ Թույլ չենք տալու էջմիածինցիներով, դուրս ենք շպրտելու նրան։ Այսօրվա ակցիան նրան է ուղղված, որ պարոն Փաշինյանին օգնենք դուրս շպրտել կոռումպացված դատավորներին»,- ասաց նա։
Հակոբ Հակոբյանի խոսքով, շատ մարդիկ, անմեղ լինելով, այս տարիների ընթացքում դատապարտվել են, մինչդեռ պետք է դատապարտվեին Գրիգորյանի՝ իրավամբ հանցանք գործած մերձավորները։
«Մանվելն ազդում էր քննության վրա, չի եղել այդ արդարությունը»,- ասաց նախկի պատգամավորը։
Քաղաքապետը ներկաներին հորդորեց հանգստյան օրերին զսպվածություն և հանդարտություն դրսևորել՝ սպասելով պատկան մարմինների հնարավոր պարզաբանումներին։
Լրագրողների հետ զրույցում էլ Դիանա Գասպարյանը նշեց, որ ինքն ակցիայի մասնակից չէ, իր աշխատանք իրեն թույլ չի տալիս բացակայել քաղաքապետարանից։ «Ես ակցիային չեմ մասնակցում, որովհետև քաղաքական պաշտոն եմ զբաղեցնում»,- շեշտեց նա։
15:56
Ավելի ուշ ցուցարարների մոտ ժամանած ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը ևս հորդորեց ճանապարհը բացել՝ նշելով, որ նրանք խանգարում են մյուսների ազատ տեղաշարժին:
«Ընկերը եկել է, ասում է՝ կինս վատացել է, չեմ կարողանում գնալ, ո՞նց ենք անում: Դրանով այլ մարդկանց իրավունքներ եք խախտում։ Խնդրում եմ՝ ճանապարհը բացենք, գնանք նստենք զրուցենք»,-ասաց նա:
Ցուցարարներն այնուամենայնիվ չբացեցեին ճանապարհը:
«Այսօր գողին, հանցագործին ազատ են արձակել, համ տուշենկեքը գողանա, համ ազատության մե՞ջ լինի»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ցուցարարները շարունակեցին պնդել, որ ազատության մեջ գտնվող Մանվել Գրիգորյանը շրջապատի համար վտանգ է ներկայացնում:
Փոխոստիկանապետն իր հերթին նշեց, որ վերջինս ոստիկանության հսկողության տակ է և ոչինչ չի կարող անել:
Կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյան էլ հարցրեց, թե Գրիգորյանի մերձավոր շրջապատին և՞ս վերահսկում են:
«Ոստիկանությունը չի թողնի որևէ տեսակի իրավախախտում կատարվի»,-հավաստիացրեց Կիրակոսյանը՝ կրկին խնդրեց, որ ցուցարարները բացեն ճանապարհը: Նրանք, սակայն, հայտարարեցին, որ ճանապարհը չեն բացելու։
16:10
Ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանն ավելի ուշ հայտարարեց, որ ակցիան ժամը 16։30-ին ավարտվում է, և բոլորը պետք է ցրվեն՝ հույս ունենալով, որ մինչև Նոր տարի Մանվել Գրիգորյանը կձերբակալվի։
Փոխոստիկանապետ Աղասի Կիրակոսյանն էլ հայտարարեց, որ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Վալերիյ Օսիպյանը պատրաստ է 10 ցուցարարի ընդունել։
Կազմակերպիչները տեղում որոշեցին՝ ովքեր են ներկայանալու Օսիպյանի հետ հանդիպմանը և ուղևորվեցին Երևան։
Լրագրողների հետ զրույցում էլ Աղասի Կիրակոսյանն ասաց, որ ստեղծված իրավիճակի հետ կապված՝ ոստիկանապետի պաշտոնակատարի մոտ քննարկում-հանդիպում է նախատեսվում։
Փոխոստիկանապետի հայտարարությունից հետո մարդիկ սկսեցին ցրվել՝ ճանապարհի բանուկ հատվածից հեռացնելով նաև իրենց ավտոմեքենաները
Հարակից հրապարակումներ`
- Էջմիածինցիները կրկին փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը
- Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է
- Մանվել Գրիգորյանը տեխնիկական պատճառներով դեռ գտնվում է մեկուսարանում
- Արձանագրել ենք Մանվել Գրիգորյանի առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա. ՄԻՊ
- Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված
- Մանվել Գրիգորյանի փաստաբան. Բժիշկները հայտարարում են, որ վերջույթները հեռացնելու վտանգ կա
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան