Վերանայել կառավարության կառուցվածքի մասին շրջանառության մեջ դրած օրենքի նախագիծը. ՀՅԴ
Հ.Յ.Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը, քննելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, խոր մտահոգություն է հայտնում առաջադրվող մի շարք փոփոխությունների վերաբերյալ:
Դաշնակցության գերագույն մարմնի տարածած հայտարարության մեջ ասված է.
«Առանց հայեցակարգի, պատշաճ հիմնավորման ու հանրային քննարկման նախարարությունները միավորելու, մի շարք պետական կառավարման մարմիններ վերակազմակերպելու և լուծարելու կառավարության նախաձեռնությունը որևէ քննադատության չի դիմանում։ Խնդրահարույց և կամայական այդ որոշումը հղի է լրջագույն բացասական հետևանքներով։ Չժխտելով օպտիմալացման միջոցով պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ չկշռադատված և շտապողական ցանկացած քայլ համարում ենք անընդունելի։ Հատկապես անթույլատրելի է Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների, որպես առանձին պետական կառավարման մարմինների, գոյությունը հարցականի տակ դնելու մոտեցումը:
Սփյուռքի հետ հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրացնելու, մեծ հայրենադարձություն կազմակերպելու մասին կառավարության հայտարարած նպատակները, թվում էր, պետք է հանգեցնեին հայեցակարգային նոր մոտեցումների որդեգրման։ Սակայն Սփյուռքի նախարարության գործունեությունը վերարժևորելու փոխարեն՝ առանց լայն, համակողմանի հանրային և փորձագիտական քննարկման որոշում է կայացվել լուծարել նախարարությունը։ Համահայկական կառույցի բացը մասամբ լրացնող Սփյուռքի նախարարությունը փակելու որոշումը վստահաբար բացասական արձագանք է գտնելու նաև արտերկրի մեր հայրենակիցների մոտ: Անկախ նրանից, թե վերոնշյալ նախարարությունն իր առջև դրված խնդիրները կարողացել է լուծել, թե ոչ, այն կոչված է ոչ միայն հանդիսանալու արտերկրի ու Հայաստանի հայությանն իրար կապող պետական հիմնական օղակը, այլեւ հայությանը ՄԵԿ ու ԱՄԲՈՂՋԱԿԱՆ տեսնելու գաղափարական մոտեցման դրսևորումն է ։
Սփյուռքի ամրապնդումն ու հզորացումը ռազմավարական կարևոր խնդիր է և հայրենիքի անվտանգության ու առաջընթացի հիմնական երաշխիքներից մեկը:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կոչ է անում երկրի իշխանություններին՝ վերանայել կառավարության կառուցվածքի մասին շրջանառության մեջ դրած օրենքի նախագիծը և հատկապես Սփյուռքի նախարարությանը վերադարձնել իր իսկական առաքելությունը՝ ըստ հարկի նորոգված ու բարեփոխված օրակարգով»։
Հարակից հրապարակումներ`
- Պահպանել մշակույթի նախարարությունը, որպես լայն լիազորություն ունեցող, ինքնուրույն միավոր. քանդակագործ
- «Ռազմավարական որոշումները կայացրեք համաժողովրդական լայն քննարկումների արդյունքում». Արման Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին
- Մշնախի ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Սարգսյան. «Բայց ոչ երբեք այն ձևով»
- Մշակույթի նախարարության աշխատակիցները գործադուլ են անում
- Սովորեցնում ենք երեխաներին՝ ինչպես զոհվել հանուն հայրենիքի, չենք սովորեցնում՝ ինչպես ապրել հանուն հայրենիքի. Ռ. Բաբայան
- Մշակույթը նույնքան կարևոր է, ինչքան այսօր բանակը մեզ համար. Չարխչյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան