Ով ում համար 4-5 ձայն է բերել, տարել են մի տեղ, մի հատ պաշտոնի են դրել. Փաշինյան
«Նախընտրական քարոզչության ընթացքում ես հայտարարել եմ, որ նախարարությունների թիվը պետք է կրճատվի և ժողովրդից ստացել եմ մանդատ՝ այդ պրոցեն իրականացնելու համար»,- այսօր Վանաձորում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների լուծարելու դեմ բողոքի ակցիաներին:
«Ինձ անհանգստացրեցին Մշակույթի նախարարության ներկայացուցիչների արտահայտությունները, երբ նրանք ահազանգում էին՝ ասում են, որ մի կրճատեք, որովհետև մշակույթը միշտ եղել է հայ ժողովրդի այցեքարտը: Դա շատ վատ ազդակ է: Այսինքն՝ մշակույթի նախարարությունն իրեն հայ մշակույթի հետ նույնացնո՞ւմ է: Ուզում եք՝ էքսպերիմենտ անենք, 3 ամիս գործադուլ անենք, տեսնենք մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կունենա՞:
Երբ խոսում են մշակութային քաղաքականության մասին. այսօր մեր կառավարությունը բացառիկ քայլեր է արել մշակութային քաղաքականության հարցում: Մենք մեկ տարվա ընթացքում 400 մլն դրամով մշակույթի ֆինանսավորումն ավելացրել ենք և 350 հազարով մշակութային օջախների այցելությունների թիվն ավելացրել ենք: Ինչո՞ւ մինչև հիմա դա չի արված»,-հարց ուղղեց վարչապօետի պաշտոբակատարը՝ հավելելով, որ Մշակույթի և Սփյուռք նախարարությունները չենլուծարվում, պարազապես վերակազմակերպվում են:
Փաշինյանի խոսքով, պետական կառավարման համակարգում աշխատողների աշխատավարձերը վճարում են հարկատուները, և նրանք կարող են հույս ունենալ, որ իրենց վճարած միջոցներն արդյունավետ են օգտագործվում։
«Ամեն ընտրությունից հետո ով ում համար, այսպես ասած, 4-5 ձայն է բերել, տարել են մի տեղ, մի հատ պաշտոնի են դրել, և պետական կառավարման համակարգը ուռճացել, դարձել է եսիմ ինչ», – ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Գազի գնի մասին
Անդրադառնալով գազի գնի թեմային՝ վարչապետի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ Հայաստանին մատակարարվող գազի գնի սակագնի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները հաջող կընթանան:
Դիտարկմանը, թե վերջին օրերին մատակարարվող գազի սակագնի թանկացման վերաբերյալ արտահոսք եղավ ՝ նա ասաց, որ նման տեղեկատվություն չունի: «Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ, որ գազի գինը պետք է թանկանա, մենք պայմանավորվել ենք, որ հարցը պետք է քննարկենք, հույս ունմ, որ բանակցությունները հաջող կընթանան»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:
Հարցին, քննարկումների ընթացքում հայկական կողմից գազի սակագինը նվազեցնելու պնդումներ լինելո՞ւ են, Փաշինյանը պատասխանեց. «Ես հիմա չեմ ցանկանում որևէ կանխորոշող բան ասել, հույս ունեմ, որ բանակցությունները հաջող կընթանան»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ քարտուղարի թեմային, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բովանդակությունը ավելի կարևոր է, քան գլխավոր քարտուղարի հարցը:
«Մենք չենք մերժել, մենք ասել ենք, որ այս փուլում նպատակահարմար չենք համարում, քննարկումները շարունակվում են»:
Նրա խոսքով՝ Հայաստանը մշտապես ասել է, որ հարցը պետք է որոշվի կոնսենսուսով ու պետք է փորձել հասնել կոնսենսուսի:
«Ընդհանուր առմամբ, ես ասել եմ նաև նախկինում՝ այնպես չէ, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ընդմիշտ վերապահված է Հայաստանի Հանրապետությանը՝ դա ռոտացիոն սկզբունք է, և մեր ժամկետը ինչ-որ պահի պետք է ավարտվի: Մեզ համար խնդիրը գլխավոր քարտուղարի պաշտոնը և կարգավիճակը չէ, մեզ համար խնդիրը ՀԱՊԿ բովանդակությունն է, և ինչպես նախկինում ասել եմ փոխադարձ պարտավորությունների հստակեցումն է և ճշգրտումն է ու այս հարցի շուրջ կոնսենսուսի հասնելը»,– ասաց նա:
Փաշինյանի խոսքով, եղել են ժամանակներ, երբ ՀԱՊԿ-ում ռոտացիոն սկզբունքը չի գործել՝ նույն մարդը երկար տարիներով եղել է գլխավոր քարտուղար:
«Գլխավոր քարտուղարի հարցը չէ խնդիրը, որովհետև գլխավոր քարտուղարի ժամկետը կավարտվի, օրինակ՝ ռոտացիան կփոխվի, հետո էլի կհասնի Հայաստանին ՝ այդ շրջապտույտը անընդհատ կպտտվի:
Խնդիրը ավելի խորն է և բովանդակային և, ես, անկեղծ ասած, գոհ եմ այս ընթացքում տեղի ունեցած այդ քննարկումներից և տեղի ունեցող և տեղի ունենալիք, որովհետև շատ բաց, անկեղծ քննարկումներ են տեղի ունեցել, ինչը ՀԱՊԿ-ում երբեք տեղի չի ունեցել: Եվ մենք պետք նաև մեր անվտանգային միջավայրը հասկանալով՝ հարցին պատասխանենք՝ ՀԱՊԿ-ին պե՞տք է լուրջ վերաբերվել , թե չպետք է լուրջ վերաբերենք։ Սա կարևոր արձանագրում է, իհարկե, այս թեմաները քննարկելու ենք»,- նշեց նա։
Ապրիլյան պատերազմի մասին
Խոսելով ապրիլյան պատերազմից՝ Փաշինյանը նկատեց, որ իրեն հուզող շատ հարցեր կան: «Ապրիլյան պատերազմի վերաբերյալ նաև այս վերջին քննարկումները ցույց տվեցին, որ շատ հարցեր կան, որոնք ինձ էլ են շատ հետաքրքրել ու անհանգստացրել, և այսօր էլ ես դրանցով զբաղվում եմ: Դա շատ կարևոր է նաև հետագայի համար, բայց ինչ ասել եմ՝ դա իրողություն է», ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դատարանի որոշումը Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ է եղել
- Տաջիկստանի նախագահը ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասին նշանակելու փաստաթուղթը
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է լուծվի կոնսենսուսով. Արման Եղոյան
- Լուկաշենկոն ստորագրել է Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու նմասին որոշման նախագիծը
- Սփյուռքի նախարարության աշխատակիցները՝ արտագաղթի մտքերով
- Մշակույթի նախարարության աշխատակիցները գործադուլ են անում
- Ղրղզստանի նախագահը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին
- Կոպերկին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի՝ հօգուտ կազմակերպության ամրապնդման
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին