Հայ բժշկին մեղադրում են անզգայացրած հիվանդներին բռնաբարելու համար
Սանկտ-Պետերբուրգի «Յուվենտա» կլինիկայում երեք հիվանդների բռնաբարելու մեջ կասկածվում է ազգությամբ հայ բժիշկը՝ 58-ամյա անեսթեզոլոգ Արմեն Հովհաննիսյանը։
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, իրավապահներին դիմել է 16-ամյա աղջկա մայրն ու հայտնել, որ վիրահատությունից հետո, երբ դուստրը դեռ գիտակցության չէր եկել, բժիշկը բռնաբարել է նրան։ Իրավապահները պարզել են, որ նույն օրը մեղսագործը ևս երկու հիվանդի է բռնաբարել՝ 17 և 21 տարեկան։ Նրանք երեքն էլ եղել են նույն հիվանդասենյակում։ Իրավաահները կարծում եմ, որ այդ դրվագները տեղի են ունեցել նույն օրը՝ ժամը 11-15-ն ընկած ժամանակահատվածում։
Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ բռնաբարության, սեքսուալ բնույթի գործողությունների հատկանիշներով։
«Յուվենտա»-ն հիմնականում մատուցում է անչափահասների հղիության ընդհատման բժշկական ծառայություններ։ Վիրահատական միջամտությունից հետո հիվանդներին տրամադրվում է հոգեբանական աջակցություն։ Հենց նման զրույցի ընթացքում էլ աղջիկներն անկեղծացել են։ Կլինիկայի ղեկավարությունն էլ է դիմել ոստիկանությանը։
Ձերբակալման պահին Հովհաննիսյանը վատացել է։ Նրան տեղափոխել են հիվանդանոց ու հսկողության տակ վերցրել։ Հիմա քննարկվում է նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը։
Ռուսական ԶԼՄ-ները նշում են, որ բժիշկը 35 տարվա փորձ ունի, Անեսթեզոլոգների ու ռեանիմատոլոգների ասոցիացիայի անդամ է։ Կլինիկայում այժմ ծառայողական քննություն է իրականացվում։