Տնտեսության մեջ ոչինչ իմ սրտով չէ, մենք պետք է ամեն գործի համար ճիշտ զինվորներ ընտրենք. տնտեսագետ
«Որպես տնտեսագետ բավական խնդիրներ եմ տեսնում տնտեսությունում և դրանք իմ սրտով չեն»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն՝ ամփոփելով Հայաստանում վերջին 8 ամիսներին տեղի ունեցած քաղաքական և տնտեսական գործընթացները:
Տնտեսագետի խոսքով, բնականաբար, այս ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել են լուրջ ձեռքբերումներ, մասնավորապես, ձևավորվել է վստահության մթնոլորտ: «Դա ինձ համար ամենամեծ ձեռքբերումն է: Եղել են առանձին շրջաններ, երբ այդ վստահությունը ձևավորվել է, բայց նաև կորցրել ենք, ուստի այս վստահությանը պետք է խնամքով վերաբերվենք և նյութականացնենք»,- նշեց նա:
Թաթուլ Մանասերյանն բավականին խնդիրներ է տեսնում տնտեսությունում, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն. «Ես շատ զուսպ և ըմբռնումով եմ վերաբերվել այդ ամենին՝ սպասելով հեղափոխության վերջին շտրիխին, այսինքն՝ արտահերթ ընտրություններին, իմ մտերմներին էլ մշտապես հորդորել եմ, որ բացթողումներին, թերություններին սև գույներով չնայեն, որոնք բնական էին հեղափոխության ընթացքում և դրանից հետո, սակայն գործելու ժամանակն է: Արտահերթ ընտրություններից հետո ոչ թե ավարտվել է հեղափոխությունը, այլ նոր է սկսվելու, բարեփոխումների ժամանակն է»:
Ինչ վերաբերում է տնտեսական հեղափոխությանը, Թաթուլ Մանասերյանը նշեց, որ իր համար տերմինները պետք է ավելի հստակ լինեն: «Ես էլ կարող եմ ասել, որ Հայաստանն այս պահին կարիք ունի տնտեսական ֆիդայինների: Տնտեսական ֆիդայիններից ինձ համար ամենավառ կերպարը եղել է Հրանտ Վարդանյանը»,- ընդգծեց նա:
Տնտեսագետի գնահատմամբ, կան շատ պարզ քայլեր, որոնք մեր երկրում չեն արվում: Նա մեջբերելով ընկերներից մեկի խոսքը, թե այն պահին, երբ կտեսնի կառավարության կազմը, այդ ժամանակ էլ կասի՝ վստահո՞ւմ է կառավարությանը, թե՞ ոչ, լինելո՞ւ են տնտեսական բարեփոխումներ, թե՞ ոչ, նշեց, որ ինքը ևս այդ կարծիքին է. «Եթե պետք է բերեն անհայտ մարդկանց, կասկածելի կենսագրությունով և հետո արդարանան՝ ով են, ինչ են, ինչ են արել, դա ինձ քիչ է հետաքրքրում, ինձ պետք է մարդու կերպարը համոզիչ և շիտակ լինի, այլ ոչ թե լղոզված: Կարևորում եմ այն, որ մենք վերջ դնենք չտեսնելու, չնկատելու «մշակույթին»: Մենք բոլոր ոլորտներում ունենք շատ շնորհալի մարդիկ, բայց ցույց ենք տալիս, որ չենք նկատում, գնում ենք մեկի ձեռքն են բռնում բերում, որ նույնիսկ ցանկություն չունի այդ ոլորտում աշխատի, ուր մնաց հոգի դնի այդ աշխատանքում և առաջընթաց ապահովի: Այո, կադրերն ամենակարևորն են: Չի կարելի ունենալ լավ ռազմավարություն և բերել մի «բառադի» մարդու և ասել՝ ռազմավարությունն առաջ տար: Մենք պետք է ամեն գործի համար ճիշտ զինվորներ ընտրենք, դասալիքները չեն կարող գործն առաջ տանել»:
Թաթուլ Մանասերյանը նշեց, որ այսօր տնտեսության մեջ ոչինչ իր սրտով չէ, բացի ֆինանսական հատվածից, որտեղ պրոֆեսիոնալ կառավարում կա: Նրան միայն ուրախացնում է այն հանգամանքը, որ վարչապետը գիտակցում է՝ նոր արժեք ստեղծելու համար կարևոր է լուրջ կառավարություն ունենալ: Այսինքն՝ պահանջարկված պետք է լինի գիտելիքը: Իսկ այդպիսի մարդիկ Հայաստանում շատ կան, պարզապես նրանց տեսնողներ չկան:
Նրա խոսքով՝ գյուղատնտեսությունն ու գիտությունը կարևոր դերակատարում ունեն Հայաստանի տնտեսության զարգացման գործում, մինչդեռ, ըստ Թաթուլ Մանասերյանի, թե նախորդ կառավարությունները, թե գործող, ուշադրություն չեն դարձրել այդ ոլորտներին: « Չունենք ագրարային քաղաքականություն և այդպես էլ չմշակվեց, ոչ ոք, ոչ մի կառավարություն՝ ներառյալ գործող կառավարությունը, չգիտակցեց դրա անհրաժեշտությունը: Միգուցե այլ առաջնահերություններ այս ամիսներին կային, բայց այսուհետ անընդունելի կլինի, եթե ագրարային քաղաքականություն չմշակվի»,- նշեց տնտեսագետը:
Ինչ վերաբերում է գիտությանը, այստեղ ևս փոփոխություն չկա: Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ՝ գիտությունն իրականում սարսափելի վիճակում է գտնվում:
«Բազմիցս ասել եմ՝ գիտության ոլորտում մաֆիա է գործում, ուրիշ ի՞նչ ասեմ, ավելի բարձր բղավեմ, թե՞ միտինգներ հրավիրեմ, որ հասկանան: Կոռուպցիոն սխեմաներ են գործում, ոտնահարվում է գիտությունն ընդհանրապես, երիտասարդությունը տեղ չունի: Թոշակառուները, աթոռներին կառչած, երիտասարդներին չեն թողնում մտնել գիտություն, բայց միայն նրանք կարող են պրոդուկտ տալ: Կառավարության մեծ սխալներից եմ համարում, որ այս յոթ ամիսներին ոչ մի քայլ չարեցին և մարդիկ իրենց աթոռներին նստած ավերում են գիտությունը: Միայն Գիտությունների կոմիտեն է աշխատում, իսկ Գիտությունների ազգային ակադեմիան փտել է՝ այն աստիճան, որ ԳԱԱ-ում գիտությունը չի զարգանում, միայն տարածքներն են վարձակալության տրվում: Ես կարող եմ այդ ամենը հիմնավորել»,-ասաց Թաթուլ Մանասերյանը:
Նա ցավալի է համարում, որ տաղանդավոր գիտնականներին հրավիրում են Հայաստան, սակայն անտեսվելուց հետո նորից հեռանում են հայրենիքից ու զարգացնում այլ երկրների գիտությունը. «Ինչքան ապաշնորհ ու տգետ ենք, որ մեր գիտնականներին նվիրում ենք ուրիշներին: Գիտությունը սպանել ենք և շարունակում ենք սպանել»:
Տնտեսագետը հույսը չի կորցնում, կարծում է, որ իսկապես երկրում փոփոխություններ կլինեն և ամեն մարդ իր տեղում կլինի: «Այսքանով հանդերձ մենք չենք ուզում սևացնել հեղափոխության ձեռքբերումները: Մենք արդեն ուրիշ միջավայր ունենք, որը պետք է նյութականացնենք ու առաջ տանենք: Միգուցե շատ խիստ եմ գնահատականներում, բայց ոչ մի ոլորտ իր իրական պատասխանատուին դեռ չի գտել: Եթե կառավարությունն այդքան համարձակություն ունի, ապա թող բոլոր պաշտոնների համար մրցույթներ հայտարարի և ընտրի նրան, ում ծրագիրն իսկապես լավն է: Մրցույթն ամենաարդար ինստիտուտն է»,- նշեց Թաթուլ Մանասերյանը:
Նրա խոսքով՝ կառավարությունն առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնի երիտասարդների խնդիրներին: Ըստ նրա՝ թեև կա երիտասարդության հարցերով նախարարություն, սակայն նրանց խնդիրներին ոչ մեկ լրջորեն ուշադրություն չի դարձրել. «Կարծում եմ, որ երիտասարդության հարցերը ազգային անվտանգության խնդիր են և եթե այդ ուղղությամբ աշխատանք չտարվի, մենք ապագա չենք կարող ունենալ: Մենք այսօր թշվառ վիճակում ենք, իսկ մի քանի տարի հետո շատ ավելի վատ վիճակում կլինենք: Խոսքը վերաբերում է ազգային անվտանգությանը: Այո, քաղաքական մասով ուրախ եմ, այն, ինչ արվում է, պետք է ոչ միայն գնահատենք, այլև օգնենք, որ դա կիսատ չմնա: Մեծ լավատեսությամբ ու հույսով սպասում եմ առաջիկա ծրագրերին»:
Հիշեցնենք, որ Կառավարության կառուցվածքի վերաձևավորման արդյունքում ՀՀ նախարարությունների թիվը 17-ից կհասնի 12-ի։ Փոփոխությունների համաձայն՝ լուծարվելու է Սփյուռքի նախարարությունը։ Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կդառնա կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարություն։ Տնտեսական զարգացման ու ներդրումների և գյուղատնտեսության նախարարությունները կմիավորվեն։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը կմիանա տարածքային կառավարման ու զարգացման նախարարությանը։ Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության և գիտության նախարարությանը։
Հարակից հրապարակումներ`
- Արփինե Հովհաննիսյան. Նախագծի համաձայն, կրճատվում են 5 նախարարություններ
- Ազնիվ չէ այս ժամանակահատվածում ակնկալել կտրուկ, մեծածավալ փոփոխություններ. Արծվիկ Մինասյան
- Սփյուռքի նախարարության աշխատակիցները՝ արտագաղթի մտքերով
- Մշակույթի նախարարության աշխատակիցները գործադուլ են անում
- Մինչև հաջորդ տարվա ապրիլը չպետք է ակնկալել խոշոր ներդրումներ. տնտեսագետ
- Փաշինյան. Մեր նախարարությունների թիվը պետք է շոշափելիորեն կրճատվի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան