Ավագանու վաղվա նիստը բավական բուռն է լինելու. Արման Աբովյան
«Այն առաքելությունը, որը մեզ վրա դրված է երևանցիների կողմից, եղել և մնում է մեր գործունեության սյունը, որի վրա հենվում ենք և գնում ենք առաջ»,-այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի ավագանու ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։
Նրա խոսքով, իրենք շատ մեծ ուշադրություն են դարձրել, դարձնում են և կդարձնեն այն բարոյահոգեբանական մթնոլորտին, որը տիրում է Երևանում՝ մասնավորապես մանկապարտեզներում և դպրոցներում։
«Յուրաքանչյուր հարցի լուծում գալիս է մատաղ սերնդի դաստիարակությունից։ Երեխաների դաստիարակությունը, եկեղեցին, մեր ավանդույթները պետք է արմատավորվեն երեխաների մոտ՝ մանկուց։ Ուսումնական ծրագրերը, ճիշտ է, հաստատվում են ԿԳՆ-ի կողմից, սակայն մենք էլ ունենք որոշ լիազորություններ հայկական ոգով դաստիարակություն տալու երեխաներին»,- ասաց նա։
Արման Աբովյանը հավաստիացրեց՝ չի եղել մի օր, որ չհանդիպեն երևանցիների հետ, չլսեն նրանց խնդիրները՝ սկսած ասֆալտապատումից և կանաչապատումից, ավարտած աղբահանությամբ.«Այս բոլոր հարցերը մեր ուշադրության կենտրոնում են, մենք փորձում ենք լուծումներ տալ դրանց։ Համագործակցում ենք թե քաղաքապետարանի, թե մեր այլ գործընկերների հետ։ Ավագանիում, իհարկե, կան տարաձայնություններ, սակայն ամենակարևորն այն է, որ բոլոր կողմերն էլ պատրաստ են ինչպես կարծիք հայտնելու, այնպես էլ լսելու»։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ կրթական մի շարք հաստատություններում, ինչպես օրինակ երաժշտական դպրոցներում, գալիք տարի որոշ խմբակների վարձավճարների ավելացումներ են նախատեսվում։
Արման Աբովյանը հիշեցրեց, որ ավագանու վաղվա նիստը բավական բուռն է լինելու, քանի որ պետք է քննարկվի Երևան քաղաքի հաջորդ տարվա վիճահարույց բյուջեն։
Հարցին՝ իրենց խմբակցությունը վաղը կողմ, թե դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին, նա պատասխանեց, որ ամեն ինչ պարզ կլինի վաղվա կոնսուլտացիաներից և քննարկումից հետ։
Ավագանու ԲՀԿ-ական անդամ Միքայել Մանրիկյանը ևս նշեց, որ վաղն իրենց բավական ծանր քննարկում է սպասվում։ Նա ասաց, որ բյուջետային ծրագրերը վիճարկելի են, տուրքերը տարեցտարի ավելանում են, և եթե ինքը արտասահմանցի գործարար լիներ, չէր ցանկանա Հայաստանում բիզնես սկսել։
Ինչ վերաբերում է վերելակների հիմնանորոգման նպատակով հատկացվող գումարի չափի նվազեցմանը, Միքայել Մանրիկյանը հիշեցրեց քաղաքային իշխանությունների այն հայտարարությունը, որ ավելի քիչ գումարով իրենք նախկին ծավալի աշխատանք են կատարելու։ Նա նշեց, որ եթե նախկինում փոշիացված գումարների մասին իրավապահ մարմիններին չծանուցվի, կարելի է ասել, որ այս հայտարարությունը զուտ պոպուլիստական է։
Հարակից հրապարակումներ`
- «Սանիտեքը» չի կարողանում սպասարկի, թող «վեշերը» հավաքի, գնա. Պիպոյան
- Ձեզ սխալ են զեկուցում. Բաբկեն Պիպոյանը՝ Հայկ Մարությանին
- Տրանսպորտի բյուջեի նվազումը տեղի է ունեցել բացառապես մետրոպոլիտենի վարկային ծրագրի ավարտի հաշվին. Սարգսյան
- Երևանի բյուջեի եկամտային և ծախսային մասերում նախատեսվում է փոփոխություն
- Բյուջեով քաղաքի աշխատանքների ծավալը չի նվազել. քաղաքապետի տեղակալի պարզաբանումները