Գլխավոր դատախազ. Ամեն ինչ անելու ենք, որ Մանվել Գրիգորյանին ազատելու դեմ բողոքն այսօր մուտք լինի Վերաքննիչ դատարան
Մանվել Գրիգորյանի խափանման միջոց՝ կալանքը գրավով փոխելու դեմ ցույցի մասնակիցների հետ նրանց պահանջով հանդիպման իջած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց՝ իրենք էլ համամիտ չեն դատարանի որոշման հետ, բողոքարկելու են այն։
«Ես վերահաստատում եմ, ստացել ենք դատական ակտը, համաձայն չենք դրա հետ, մեր հիմնավորումներով ներկայումս պատրաստում ենք բողոքը։ Ամեն ինչ անելու ենք, որ մեր բողոքն այսօր մուտք լինի վերաքննիչ դատարան։ Մինչև աշխատանքային օրվա ավարտը մենք ուղարկելու ենք բողոքը»,-ասաց նա։
Դավթյանը տեղեկացրեց, որ վերաքննիչ դատարանը նիստ կհրավիրի նյութերը ստանալուց հետո՝ երեք օրվա ընթացքում։
«Երեք օրվա ընթացքում կհրավիրվի նիստ ու այդ նիստի ընթացքում կստուգվի առաջին ատյանի դատարանի կայացրած ակտի հիմնավորվածությունը։ Մեր բողոքը ներկայացնող դատախազները կմասնակցեն նիստին, կներկայացնեն հիմնավորումները»,-ասաց գլխավոր դատախազը։
Դավթյանը մանրամասնեց, առաջին ատյանի դատարանը կալանքը փոխել է գրավով հիվանդության հետ կապված հիմնավորումներով։
«Մենք դրա հետ համաձայն չենք։ Ես Վերաքննիչ դատարանի որոշումը կանխատեսել չեմ կարող։ Մենք գտնում ենք, որ նրա հիվանդություններն այնպիսին չեն, որ անհամատեղելի կլինեին կալանքի հետ, դրա համար նշանակված է փորձաքննություն, որի եզրակացությունն առայժմ չկա»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ բողոքող քաղաքացիները պահանջում են հանդիպում գլխավոր դատախազի հետ
- Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դատարանի որոշումը Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ է եղել
- Դատախազությունը Մանվել Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն կներկայացնի վերաքննիչ դատարան
- Էջմիածինցիները կրկին փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը
- Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է