Ձեզ սխալ են զեկուցում. Բաբկեն Պիպոյանը՝ Հայկ Մարությանին
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը լիահույս է, որ Երևանի քաղաքապետի հայտարարությունները հետևանք են այն բանի, որ նրան ներսում սխալ են զեկուցում։ Նման տեսակետ նա հայտնեց այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Անդրադառնալով հասարակական տրանսպորտի խնդրին՝ նա հիշեցրեց, որ Երևանի քաղաքապետարանի կայքում տրանսպորտի բաժին կա, որտեղ առկա տեսանյութերում շատ երևում է՝ մինչ այժմ ով ինչպես է խոսել։
«Առաջին նիստում առաջին հարցը, որ տվել եմ, վերաբերել է միջազգային խորհրդատուի հետ աշխատանքին, թե ուղևորահոսքի հաշվարկը, որը ելակետային տվյալ է համարվում, այսօր ակտուա՞լ է, թե ոչ։ Կարո՞ղ է պարզվել, որ ցանցը գծեն, հետո պարզվի, որ ուղևորահոսքի հաշվարկն ակտուալ չէ։ Միջազգային խորհրդատուն հաշվետվություններով արդեն իսկ տվել է, որ ինքը լետային ուսումնասիրություններն արել է, և ցանցը կիրառելի է։ 2017 թվականի օգոստոսի հաշվետվության համաձայն կատարվել է ավտոբուսային երթուղային ցանցի ուղևորահոսքի ուսումնասիրություն։ Երևանի քաղաքապետարանն ունի այս հաշվետվությունը»,- ասաց բանախոսը։
Բաբկեն Պիպոյանն իր խոսքն ուղղեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ասելով. «Ձեզ սխալ են զեկուցում։ Պետք է ընդամենը կարդաք Ձեր ձեռքի տակի թղթերը։ Արտասահմանյան խորհրդատուին 850 հազար դոլարից վճարված է դեռևս 600 հազարը, մյուս 250 հազարը դեռ վճարված չէ։ Այդ գումարը պետք է վճարեն ներկա քաղաքային իշխանությունները։ Եթե նրանք կարողանան ապացուցել, որ աշխատանքը սխալ է կատարված, կարող են հետ վերցնել վճարած գումարը։ Նախկին իշխանությունների մասին ինչ վատ բան կար, ասվեց, պետք է գործ անել։ Այս չորս ամիսն այս ուղղությամբ չի աշխատվել, եթե աշխատվեր, վեց ամսում նոր ցանցը կարելի էր ներդնել։ Եթե հիմա սկսեն աշխատել, երեք ամիս անց կարող ենք ունենալ բոլոր մրցույթների հաղթողներին, վեց ամիս էլ տանք մոբիլիզիացիայի համար, օպերատորը կկարողանա նոր ցանցը ներդնել»,- ասաց բանախոսը։
Բաբկեն Պիպոյանի խոսքով, եթե գործող քաղաքապետը ցանկություն հայտներ հանդիպել տրանսպորտի հարցով աշխատանքային խմբի հետ, իրենք նրան ամեն բան կբացատրեին։
«Եթե Դուք հաշվետվությունները դանդաղ եք կարդում, իսկ իմ խորին համոզմամբ ծանոթ չեք, չէիք ասի մի բան, որն արդեն Ձեր ձեռքի տակ է»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Բացառելու ենք գումարների փոշիացումը, թույլ չենք տալու գումարներ գրպանել. Հայկ Մարության
- Տրանսպորտի բյուջեի նվազումը տեղի է ունեցել բացառապես մետրոպոլիտենի վարկային ծրագրի ավարտի հաշվին. Սարգսյան
- Նորմալ տրանսպորտ պահանջելով. Թիվ 34 միկրոավտոբուսը կմտնի Հաղթանակ թաղամաս
- Այս հոկտեմբերին նախորդ հոկտեմբերի համեմատ ուղևորահոսքն աճել է 14.2 տոկոսով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին